ԲԴԽ-ում կայացավ դատավոր Արշակ Պետրոսյանի գործով նիստը
26.05.2022
Այսօր՝ մայիսի 26-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 339-րդ հոդվածի 1-ին և 2-րդ, 340-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի խախտումներ, այն է Դատարանը տվյալ գործի քննությունն իրականացրել է 8 ամսվա ընթացքում՝ այդ տեսակի գործերի համար նախատեսված սեղմ՝ մեկամսյա ժամկետի կոպիտ խախտմամբ, եզրափակիչ դատական ակտի հրապարակումն իրականացրել է նախատեսված ժամկետից 9 ամիս անց, ինչն էլ հանգեցրել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման:
Դատավորը նշեց, որ իր ելույթում անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ է պատրաստվում հրապարակել և միջնորդեց նիստի այդ հատվածը անցկացնել դռնփակ կարգով, ինչը Խորհրդի կողմից բավարարվեց:
Կողմերին լսելուց և գործի քննության ավարտ հայտարարելուց հետո՝ Խորհուրդը հեռացավ որոշում կայացնելու:
Այն կհրապարակվի հունիսի 6-ին, ժամը՝ 14.55-ին: