Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
09.06.2022
Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական, քաղաքացիական և, վարչական մասնագիտացման բաժինների համալրման անհրաժեշտության մասին» թիվ ԲԴԽ-58-Ո-153 որոշումը՝ անհրաժեշտություն է առաջացել համալրել Վերաքննիչ դատարաններում քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններն՝ առանց տեղերի քանակի սահմանափակման:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել`
1) համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.
2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն.
3) այն անձը, որը՝
ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին ութ տարիների ընթացքում առնվազն վեց տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ
բ) ունի վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 8 տարվա փորձառություն:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարեցվել կարգապահական խախտում թույլ տալու կամ նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով:
Օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի և 3-րդ կետի պահանջներին բավարարող անձինք դիմումին կցում են նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:
Հայտարարության հրապարակումից հետո՝ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը ներառյալ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին բավարարող անձինք համապատասխանա մասնագիտացման բաժինների առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:
Ծանոթություն.
Դիմումները ներկայացնել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ՝ ք.Երևան, Կորյուն 17:
Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել
010/ 511 816, 511 819 հեռախոսահամարներով կամ ուղարկել նամակ info@court.am էլեկտրոնային փոստի հասցեով:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ