Կայացել է «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու եւ հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի մեկնարկային միջոցառումը

18.06.2022

image

   Հունիսի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը, Խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը, Դավիթ Խաչատուրյանը և Ստեփան Միքայելյանը  մասնակցել են Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի մեկնարկային միջոցառմանը:

   Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Գ. Ջհանգիրյանը նշել է. «Բարձր գնահատելով հայ-շվեդական համագործակցությունը՝ վստահ եմ, որ դատական համակարգերում փորձի փոխանակումն իր արդյունավետ ազդեցությունը կունենա երկու երկրների իրավական համակարգերի կատարելագործման գործընթացում: Կարևորելով երկուստեք համագործակցությունը՝ ցանկանում եմ նշել, որ ծրագիրը առանցքային նշանակություն ունի մեզ համար, քանի որ  կոչված է նպաստելու  հանրային վստահության բարձրացմանը, դատավորների շրջանում էթիկայի, հակակոռուպցիոն և ներառական հարցերի շուրջ գիտելիքների ամրապնդմանը և խորացմանը, լրատվամիջոցների հետ ինտենիսվ հաղորդակցության հմտությունների զարգացմանը և դատավորների վարկանիշի բարձրացմանը»:

   ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ընդգծել է, որ այսօր դատական իշխանության առաջ ծառացած են մի շարք խնդիրներ և դրանք հաղթահարելու ուղությամբ ԲԴԽ-ն լուրջ ջանքեր է գործադրում. «Դատարաններն այսօր աշխատում են գերծանրաբեռնված, սակայն դրան զուգահեռ  միակողմանի և թերի տեղեկատվության հետևանքով ստվերվում է այն պատասխանատու աշխատանքը, որը կատարում են դատարաններն ու դատավորները։ Մեզ համար կենսական նշանակություն ունի դատավորի խոսքը հասարակության լայն շերտերին հասցնելու հնարավորությունը։ Թվարկածս և մի շարք այլ մասնագիտական և ոլորտային խնդիրների լուծման արդյունավետ գործիքներից է միջազգային երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, տվյալ դեպքում Շվեդիայի ազգային դատարանների հետ համատեղ իրագործվող այս ծրագիրը։ Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն  հայտնել մեր գործընկերներին  և ԲԴԽ անունից վերահաստատել մեր պատրաստակամությունը՝ միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու ուղղությամբ»,- եզրափակել է նա։

  Պանելային քննարկման ընթացքում դատավորների և լրատվամիջոցների համատեղ աշխատանքի թեմայով բանախոսել է նաև ԲԴԽ գիտնական անդամ Դավիթ Խաչատուրյանը:

  Նա իր ելույթում, ի թիվս այլնի, նշել է, որ լրագրողները ևս դատավորների պես լսում են կողմերին, ուսումնասիրում փաստերը և վեր հանում ճշմարտությունը, սակայն, ի տարբերություն դատավորների, նրանք ոչ թե ակտեր են կայացնում, այլ փաստը հանձնում հանրության դատին:

  Խաչատուրյանը նաև պատասխանել է ներկաների հարցերին:

  Միջոցառմանը մասնակցում էին նաև Արդարադատության ակադեմիայի ռեկտորը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը, Վճռաբեկ դատարանի դատավորներ, ինչպես նաև Առաջին և Վերաքննիչ դատարանների դատավորներ ՀՀ-ից և Շվեդիայից:

  Միջոցառման մանրամասները՝ տեսանյութում:


Կիսվել

նկարներ