ԲԴԽ-ում տեղի ունեցավ դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը

07.07.2022

image

Այսօր՝ հուլիսի 7-ին, ԲԴԽ-ում մեկնարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թիվ ԵԴ/0471/01/21 քրեական գործով 27.10.2021 թվականի որոշման կայացմամբ թույլ են տրվել Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 137-րդ հոդվածի 4-րդ մասի, 358-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի ամրագրված պահանջների խախտումներ, որոնք իրենց հերթին հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտման, այն է՝ Դատարանը, Գործով քննության առնելով ամբաստանյալ Գևորգ Գևորգյանի պաշտպան Արթուր Մանուկյանի միջնորդությունն ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, որոշում է կայացրել այն բավարարել՝ գրավի չափ սահմանելով 1,500,000 ՀՀ դրամ:

Ըստ նախարարության՝ դատարանի հիշյալ որոշումը պատճառաբանված չէ:

Խորհուրդը կողմերին լսելուց և գործի քննության ավարտ հայտարարելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի հուլիսի 18-ին՝ ժամը 15.00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:


Կիսվել