ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԵՌԱՑԱՎ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՍԵՆՅԱԿ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՆԻԵԼ ՄԽԵՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ
12.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 12-ին Բարձրագույն դատական խորհրդում կայացավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիել Մխեյանին (այսուհետ՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ Դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դատավարական ժամկետների խախտում, և դատավորի վարքագծի կանոնների՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու պահանջների խախտում, այն է՝ Լիազոր մարմնի միջնորդությամբ հիշատակվող թվով 35 քաղաքացիական գործերով Դատավորը չի պահպանել հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելու կապակցությամբ ընդունված համապատասխան որոշումները հայցվորին ուղարկելու համար սահմանված դատավարական ժամկետները, ինչի հետևանքով խախտվել է հայցվորի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումը:
Կողմերին լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի 2022 թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14:55-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: