Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՄՈՒՇ-ՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
06.04.2023
ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ
ԽՆԴԻՐ
Արտաշեսը, գիշերային ժամին զբոսնելով, կռփազենք գտավ և այն պահեց իր գրպանում: Երևան քաղաքի Սարյան փողոցում տեսնելով, որ դեղատան պատուհանները ճաղավանդակներ չունեն, գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ իր մոտ գտնվող կռփազենքով մեկ անգամ ուժգին հարվածեց դեղատան պատուհանի՝ 160.000 դրամ արժողությամբ ապակուն,կոտրելով այն՝ մտավ ներս, որտեղից վերցրեց մեկ զույգ բժշկական ձեռնոց, հագավ դրանք որպեսզի մատնահետքեր չթողնի: Բացեց դրամարկղը և տեսավ, որ այնտեղ միայն մետաղադրամներ են: Այդ հանգամանքից հիասթափված՝ փոշմանեց, որ մտել է նշված դեղատուն և հեռացավ:
Կարճ ժամանակ անց, կասկածելի պահվածքի պատճառով հայտնվեց պարեկների ուշադրության կենտրոնում և երբ պարեկները նրան հարցրին թե ինչ է անում գիշերային ժամին, նա ասաց, որ իր մոտ առկա է կռփազենք, որը ցանկանում էր ներկայացնել առաջին իսկ պատահած ոստիկանին և որով հարվածել և կոտրել է դեղատան պատուհանի ապակին: Պարեկները Արտաշեսին ներկայացրեցին քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ, և քննիչը Արտաշեսին ձերբակալեց:Դատախազը որոշում կայացրեց հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և Արտաշեսը ներկայացվեց դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ:
Դատարանը, քննության առնելով միջնորդությունը, որոշեց այն մերժել հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:
Դատարանն արձանագրեց, որ իր մոտ գտնվող սառը զենք հանդիսացող կռփազենքը Արտաշեսը կամովին հանձնել է ոստիկաններին, ուստի այդ մասով ենթակա չէ քրեական պատասխանատվության:
Դատարանն արձանագրեց նաև, որ մեղադրյալին վերագրվող ենթադրյալ արարքի փաստական նկարագրության մեջ բացակայում են գույքի գաղտնի հափշտակությունը զգալի չափերով կատարելու /կատարելու փորձի/ վերաբերյալ հիմնավորումները: Դատարանը գտնում է, որ թեև արարքի փաստական նկարագրության մեջ ձևականորեն նշվել է հանցագործության հատկանիշ հանդիսացող՝ <<զգալի չափով>> եզրույթը, սակայն դրա վերաբերյալ հիմնավորումների բացակայությունը Դատարանին թույլ են տալիս հանգելու այն հետևության, որ վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված արարքի փաստական նկարագրությունն առերևույթ վկայում է անձի արարքում զանցանքի հատկանիշների առկայության մասին և դուրս է Դատարանի քննարկման ոլորտից:
Այսինքն, Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ քրեական վարույթով ձեռքբերված և դատարան ներկայացված որոշակի նյութերով բացակայում է ենթադրյալ արարքի առերևույթ համընկնումը քրեական օրենսգրքով սահմանված որևէ հանցանքի, այսինքն՝ բացակայում է նաևգողության /գողության փորձի/ հիմնավոր կասկածը, որպիսի պայմաններում բացակայում է կալանավորման հիմքերին անդրադառնալու անհրաժեշտությունը:
Հարց 1. Որակել Արտաշեսի արաքը: Հիմնավորել Պատասխանը
Հարց 2. Արդյոք Դատարանը կայացրել է հիմնավոր և պատճառաբանված որոշում: Հիմնավորել պատասխանը:
ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ՀԱՐՑԵՐ ԵՎ ՀԱԿԻՐՃ ՀԻՊՈԹԵՏԻԿ ԽՆԴԻՐՆԵՐ
1. Բուժաշխատող Բ-ին, իր մասնագիտական գործունեության իրականացման շրջանակներում, հայտնի է դարձել Լ-ի որդեգրված լինելու մասին։ Իր մասնագիտականգործունեության կապակցությամբ կրել է Լ–ի որդեգրման փաստը գաղտնի պահելու պարտականություն։ Ավելի ուշ, ընդգրկված լինելով զինված ուժերի հայտարարած հերթական զորակոչի բուժ.զննման համապատասխան կոլեգիալ միավորի կազմում, պատահմամբ դարձյալ առնչվել է Լ–ին՝ ով զորակոչված է եղել զինվորական ծառայության։ Բուժ.զննության գործընթացի շրջանակներում՝ նախքան կոլեգիալ միավորի կողմից Լ–ի զննումը սկսվելը, Բ–ն, Լ–ին հիշելով նրա բացառիկ անունով, հայրանվամբ և ազգանունով, նրա ինքնությունը նույնականացնելու համար մոտեցել և հարցրել է նրան՝ արդյոք նա որդեգրված է, թե ոչ։ Լ-ն, վաղուց իմանալով ճշմարտությունը, հաստատել է այդ փաստը։ Բ–ն, ցանկանալով գործընկերներին հայտնել այդ տեղեկությունը՝ որպես լրացուցիչ տվյալ, հարցրել է Լ–ին՝ արդյոք դա նրան հոգեբանական անհարմարություն չի պատճառի, վերջինս պատասխանել է, որ թեև ինքը միշտ հոգեբանորեն ճնշվում է այդ փաստից, սակայն դեմ չէ, եթե Բ–ն այդ մասին հայտնի գործընկերներին։
Բ–ն գործընկերներին հայտնել է, որ Լ–ն որդեգրված է՝ համոզիչ կերպով մեջբերելով նրա որդեգրման ժամանակագրությունը և այլ մանրամասնություններ, սակայն հետագայում պարզել է, որ Լ–ին որդեգրողը գաղտնի է պահում այդ փաստը բոլորից և չի ցանկանում, որ որևէ մեկն այդ մասին իմանա։ Ինչպե՞ս պետք է որակել Բ-ի արարքը.
▢ Բժշկական գաղտնիքը հրապարակելը
▢ Որդեգրման գաղտնիքը հրապարակելը,
▢ Խնամատար ծնողի, խնամակալի կամ հոգաբարձուի իրավունքները չարաշահելը
▢ Բ-ի արարքում հանցակազմը բացակայում է
2. Զինված ուժերի սպա Մ-ն, անտեսելով զորակոչիկ Վ-ի՝ զինվորական ծառայությանը պիտանի չլինելու հաստատված հանգամանքը, կազմակերպել է վերջինիս զինվորական ծառայության անցնելու գործընթացը: Զինվորական ծառայության ընթացքում՝ ռազմական դրության ժամանակ, N զորամասի հրետանավոր Վ-ն, հրամանատարից ստանալով ռազմական տեխնիկան հատուկ պայմաններում պահպանելու օրինական և սահմանված կարգով տրված հրաման, որի համար պահանջվում է մարդկային ներուժի ֆիզիկական ներգործություն, չի կատարել այն՝ չցանկանալով վնասել իր առողջությունը, որի հետևանքով անզգուշությամբ առանձնապես խոշոր չափերով վնասվել է նշված ռազմական տեխնիկան: Գույքի վնասման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Վ-ի առողջական վիճակին հակացուցված չի եղել նման աշխատանքի կատարումը և պարզվել է, որ Վ-ն դա քաջ գիտակցել է՝ շատ լավ ծանոթ լինելով իր առողջական խնդրի էությանն ու իրեն ամրակցված ռազմական տեխնիկայի առանձնահատկություններին:
Քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված ո՞ր հանցանքի կատարման համար է Վ-ն ենթակա քրեական պատասխանատվության՝ հրամանատարի հրամանը չկատարելու արարքի կատարմամբ.
▢ Հրամանը չկատարելը,
▢ Հրամանը չկատարելը, որը կատարվել է ռազմական դրության ժամանակ,
▢Հրամանը չկատարելը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, որն անզգուշությամբ առաջացրել է ռազմականտեխնիկայի առանձնապես խոշոր չափերիվնասում,
▢ Նկարագրված արարքի համար Վ-ն ենթակա չէ քրեական պատասխանատվության:
3․ Ք-ն ռեստորանում սեղանի վրայից վերցված շիշը ջարդել է Մ-ի գլխին և հափշտակել վերջինիս հեռախոսը։ Ինչպե՞ս պետք է որակել Ք-ի արարքը:
▢ կողոպուտ, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ,
▢ ավազակություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ,
▢ ավազակություն,
▢ կողոպուտ:
4․ Բ-ն աշխատանքից տուն վերադառնալիս նկատում է, որ «ԼԻԴ» շինանյութի պահեստարանի մուտքի դուռը բաց է և մտնում է ներս։ Ցանկանալով գտնել արժեքավոր իրեր՝ սենյակներից մեկում նկատում է չհրկիզվող պահարան դուռը բաց վիճակում, որտեղից կատարում է գաղտնի հափշտակություն։ Ինչպե՞ս պետք է որակել Բ-ի արարքը:
▢ գողություն, որը կատարվել է տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով,
▢ գողություն
▢ գողություն, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,
▢ անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալը։
5․ Ս-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր հարևան Ֆ-ի հրավերով նստել է վերջինիս մեքենան։ Խոսակցության ընթացքում ծխախոտի մնացորդը հանգցնելու նպատակով նետել է մեքենայի ետևի նստատեղերի վրա, ինչից հետո երկուսով դուրս են եկել մեքենայից և գնացել տուն։ Այդ գիշեր BMW մակնիշի 6 մլն ՀՀ դրամ արժողությամբ մեքենան ծխախոտի մնացորդից առաջացած կրակի պատճառով ամբողջությամբ վառվել է։ Ինչպե՞ս պետք է որակել Ս-ի արարքը։
▢ գույքն անզգուշությամբ ոչնչացնել կամ վնասել,
▢ գույքն անզգուշությամբ ոչնչացնել կամ վնասել, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել
▢գույքը ոչնչացնել կամ վնասել,
▢ արարքում առկա չէ որևէ հանցակազմի հատկանիշներ:
6.Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում.
▢ գործողությունը կամ անգործությունը կատարելու պահը՝ անկախ հետևանքներն առաջանալու պահից,
▢ գործողության կամ անգործության հետևանքներն առաջանալու պահը,
▢ գործողությունը կամ անգործությունը կատարելու և հետևանքներն առաջանալու պահը,
▢ բոլոր պատասխանները սխալ են:
7․ Վարույթն իրականացնող մարմինը որ դեպքում կարող է ընդունել պաշտպանից մեղադրյալի հրաժարվելը.
▢ մեղադրյալը ժամկետային զինծառայող է,
▢ մեղադրյալը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է սահմանափակ գործունակ,
▢ մեղադրյալը միջնորդել է դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ,
▢ մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում հայերենին։
8․Տուժողի լիազոր ներկայացուցիչն առանց հատուկ լիազորության իրավունք ունի տուժողի անունից
▢ հետ վերցնելու տուժողի նկատմամբ քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ քրեական հայցը,
▢ հաշտվելու մեղադրյալի հետ,
▢ հրաժարվելու ներկայացված գույքային հայցից կամ փոփոխելու դրա չափը,
▢ հետ վերցնելու ի շահ տուժողի ներկայացված միջնորդությունը։
9․ Փորձագետի
▢ եզրակացությունը գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների կամ հմտությունների օգտագործմամբ, վարույթն իրականացնող մարմնի կողմից իրեն առաջադրված, ինչպես նաև իր իրավասության մեջ մտնող այլ հարցերի վերաբերյալ գրավոր հիմնավորված հետևություններն են, որոնց փորձագետը հանգել է՝ վարույթի համապատասխան նյութերը, դիակը կամ վարույթին ներգրավված համապատասխան անձին հետազոտելով,
▢ կարծիքը գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների կամ հմտությունների օգտագործմամբ, վարույթն իրականացնող մարմնի կամ վարույթի մասնավոր մասնակցի կողմից իրեն առաջադրված, ինչպես նաև իր իրավասության մեջ մտնող այլ հարցերի վերաբերյալ գրավոր հիմնավորված հետևություններն են, որոնց փորձագետը հանգել է՝ վարույթի համապատասխան նյութերը, դիակը կամ վարույթին ներգրավված համապատասխան անձին հետազոտելով,
▢ ցուցմունքը կարող է վերաբերել ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանը մասնակցելիս նրա ընկալած փաստերին.
▢ ցուցմունքը կարող է վերաբերել իր եզրակացությունը կամ իր կարծիքը կազմելու փոխարեն դրա էության պարզաբանմանը։
10․ Փաստաթուղթ չհանդիսացող իրեղեն ապացույցների տնօրինման որ կանոնն է ճիշտ.
▢ մեղադրյալին պատկանող՝ հանցանքի գործիքները բռնագրավվում են կամ հանձնվում իրավասու հաստատություն կամ ոչնչացվում են,
▢ շրջանառությունից հանված առարկաները ոչնչացվում են,
▢ արժեք չունեցող առարկաները ոչնչացվում են, իսկ շահագրգիռ անձի միջնորդության դեպքում հանձնվում են նրան,
▢ հանցագործությամբ անմիջականորեն ստացված դրամը, արժեք ունեցող այլ գույքն առաջին հերթին ուղղվում են հանցագործության հետևանքով պատճառված վնասի կամ վարութային ծախսերի հատուցմանը, իսկ եթե դրա անհրաժեշտությունը բացակայում է, ապա դրանք բռնագրավվում են։
11․ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալված անձի որ իրավունքներն են ծագում հետաքննության մարմնի կամ վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի վարչական շենք մուտք գործելու պահից, սակայն ոչ ուշ, քան անձին ազատությունից փաստացի զրկելուց հետո 3 ժամը լրանալու պահից:
▢ իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին
▢ իր պահանջով ենթարկվելու քննման
▢ իմանալու իրեն ազատությունից զրկելու պատճառը
▢ ճիշտ են 1-ին և 3-րդ տարբերակները։
12․ Որ դատողությունն է սխալ.
▢ գաղտնի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման արդյունքով ձեռք բերված՝ վարույթին չվերաբերող և անձի մասնավոր կամ ընտանեկան կյանքին առնչվող նյութերը պահվում են առանձին և չեն կարող օգտագործվել տվյալ քրեական վարույթում, բացառությամբ երբ վարույթի մասնավոր մասնակիցը վիճարկում է դրանց վերաբերելիությունը: Նշված նյութերը ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամիս անց, սակայն ոչ ուշ, քան նշված ժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում,
▢ պետական գաղտնիք պարունակող և իրեն վստահված տեղեկությունների վերաբերյալ ցուցմունքներ տվող հանրային ծառայողն այդ մասին գրավոր հաղորդում է համապատասխան պետական մարմնի ղեկավարին, եթե դա նրան ուղղակիորեն չի արգելում վարույթն իրականացնող մարմինը,
▢ անձը, որից վարույթն իրականացնող մարմինը պահանջում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան հաղորդել բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող տեղեկություններ, իրավունք ունի հրաժարվելու այդ պահանջը կատարելուց` վկայակոչելով համապատասխան գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը,
▢ անձը, որից վարույթն իրականացնող մարմինը պահանջում է քրեադատավարական օրենսգրքի դրույթներին համապատասխան հաղորդել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, իրավունք ունի հրաժարվելու այդ պահանջը կատարելուց` վկայակոչելով պետական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը։
13․Որ քննչական գործողությունը կարող է կատարվել դատախազի թույլտվությամբ
▢ դեպքի վայր հանդիսացող բնակարանում սկզբնական զննումը,
▢ բնակարանում առգրավումը,
▢ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի առգրավումը,
▢ բոլոր պատասխանները ճիշտ են։
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Խնդիր
Կ-ն հայցադիմում է ներկայացնում դատարան ընդդեմ «Լ» ՍՊԸ-ի՝ մատակարարված ապրանքի թերությունը վերացնելու պահանջի մասին։
Կ-ն հայցադիմումով նշում է, որ «Լ» ՍՊԸ-ն պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ է կատարել և մատակարարել է պայմանագրի պայմաններին ոչ համապատասխան ապրանք։
«Լ» ՍՊԸ-ն առարկում է հայցի դեմ՝ նշելով, որ ինքը պատշաճ որակի ապարնք է մատակարարել, իսկ այդ թերությունները հնարավոր է, որ ի հայտ եկած լինեն ապրանքի պահպանման կանոնները խախտելու պատճառով։
Դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է ապացուցման բեռը բաշխելու մասին որոշում՝ նշելով, որ Կ-ն պետք է ապացուցի մատակարարված ապրանքների թերության բնույթը և դրանց առաջացման պատճառները։
Կ-ն միջնորդություն է ներկայցնում դատարան՝ խնդրելով նշանակել փորձաքննություն ապրանքների թերության բնույթը և առաջացման հանգամանքները պարզելու համար։ Կ-ն միջնորդում է նաև դատական նիստով հարցաքննել մասնագետ Ռ-ին, ով ունի բավականաչափ գիտելիքներ՝ մատակարարված գույքի պահպանության կանոնները ներկայացնելու համար։
Դատարանը բավարարում է միջնորդությունը և նշված հարցերը պարզելու համար նշանակում փորձաքննություն։ Դատարանը բավարարում է նաև Կ-ի մյուս միջնորդությունը։
Փորձաքննության կատարումը հանձնարարվում է «Դ» փորձագիտական կենտրոնին։
«Դ» փորձագիտական կենտրոնի փորձագետ Հ-ն տալիս է փորձագիտական եզրակացություն առ այն, որ ապրանքի թերությունները ի հայտ են եկել ապրանքի պահպանման կանոնները խախտելու պատճառով։
Դատարանը դատական նսիտով հարցաքննում է նաև մասնագետ Ռ-ին, ով տեղեկատվություն է տալիս առ այն, որ սույն դեպքում մատակարարված ապրանքների պահպանման կանոնները չեն խախտվել և այդպիսի թերությունները կապված չեն պահպանության կանոնները խախտելու հետ։
Կ-ն կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն է ներկայացնում, քանի որ փորձաքննության բովանդակությունից ակնհայտ չէ կիրառված մեթոդների բովանդակությունը։
Դատարանը, պատճառաբանելով, որ կրկնակի փորձաքննություն նշանակելու համար հիմք չէ փորձագետի եզրակացության թերի լինելը, մերժում է միջնորդությունը։
Դատարանը մերժում է նշված միջնորդությունը, սակայան սեփական նախաձեռնությամբ փորձագետին հրավիրում է հարցաքննության՝ իր եզրակացությունը պարզաբանելու նպատակով։
Փորձագետ Հ-ն հարցաքննության ընթացքում բացատրություն է տալիս կիրառված մեթոդների վերաբերյալ և դատարանի առջև բացահայտում դրանք։
Հայցվոր Կ-ն ներկայացնում է առարկություն փորձագետ Հ-ի կողմից տրված բացատրությունների վերաբերյալ՝ նշելով, որ վերջինս չի նախազգուշացվել սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության մասին։ Դատարանը անհիմն է համարում նշված առարկությունը, քանի որ փորձագետն ի սկզբանե՝ փորձաքննության իրականացման փուլում, նախազգուշացվել է, որ վերջինս Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար։
Դատական նիստի ընթացքում Կ-ն նաև բարձրացնում է այն հարցը, որ փորձագետի եզրակացությունը և մասնագետի բացատրություններն ունեն հակասություններ, սակայն Կ-ն չի ներկայացնում միջնորդություն՝ այդ հիմքով կրկնակի փորձաքննություն նշանակելու համար։ Դատարանը, հաշվի առնելով, որ սեփական նախաձեռնությամբ կրկնակի փորձաքննություն նշանակելու լիազորություն նախատեսված չէ, ինչպես նաև մասնագետի բացատրություններն ունեն խորհրդատվական բնույթ, որոշում է ապացույցները հետզոտելու փոլում նախապատվություն տալ միայն փորձագետի եզրակացությանը։
Գործի քննության արդյունքով դատարանը կայացնում է հայցը մերժելու մասին վճիռ։
Վճռի դեմ սահմանված կարգով վերաքննիչ բողոք է բերում հայցվոր Կ-ն։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բողոքի քննության արդյունքով կայացնում է վերաքննիչ բողոքը բավարարելու մասին որոշում։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը պատճառաբանում է, որ առաջին ատյանի դատարանը պատշաճ չի ուսումնասիրել և գնահատել փորձագիտական եզրակացության եզրափակիչ մասը՝ դրան տալով սխալ գնահատական, ուստի այդ ապացույցը կրկին ուսումնասիրելու և դրա բովանդակությունը պատշաճ գնահատելու համար անհրաժեշտ է գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Արդյունքում, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով, որ գործն ամբողջ ծավալով է ուղարկվել նոր քննության, կայացնում է ապացուցման բեռը բաշխելու մասին որոշում՝ նշելով, որ Կ-ն պետք է ապացուցի մատակարարված ապրանքների թերության բնույթը և դրանց առաջացման պատճառները։
Առաջին ատյանի դատարանը որպես վկա հարցաքննում է մասնագետ Ռ-ն, ով տալիս է նույնաբովանդակ ցուցմունք, ինչ նախորդ քննության ընթացքում։
Կ-ն ներկայացնում է միջնորդություն՝ կրկնակի փորձաքննություն նշանակելու համար, քանի որ առկա է հակասություն փորձագետի եզրակացության և գործով մասնագետի կողմից հայտնված տեղեկությունների միջև։
«Լ» ՍՊԸ-ն առարկում է միջնորդության դեմ՝ նշելով, որ միջնորդությունն անհիմն է։
Դատարանը բավարարում է ներկայացված միջնորդությունը և նշանակում կրկնակի փորձաքննություն։
Կրկնակի փորձաքննության արդյունքներով կազմված եզրակացությամբ հիմնավորում է հայցի փաստական հանգամանքները։
Դատարանը գործի քննության ընթացքում կայացնում է հայցը բավարարելու մասին վճիռ։
Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերում «Լ» ՍՊԸ-ն՝ նշելով, որ գործի նոր քննության ընթացքում չեն պահպանվել դատավարական կանոնները։ «Լ» ՍՊԸ-ն խնդում է բեկանել և փոփոխել վճիռը՝ մերժելով ներկայացված հայցը։
Վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվում։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի բողոքի քննության արդյունքներով կայացնում է վերաքննիչ բողոքը մերժելու և դատական ակտը օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշում։
Նկարագրված իրավիճակում գնահատել դատարանների դատավարական գործողությունների իրավաչափությունը և լիազորությունների շրջանակը՝ պատճառաբանելով և հիմնավորելով դրանք։
ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ՀԱՐՑԵՐ ԵՎ ՀԱԿԻՐՃ ՀԻՊՈԹԵՏԻԿ ԽՆԴԻՐՆԵՐ
1. Այն դեպքերում, երբ օրենքով կամ պայմանագրով նախատեսված է մինչև դատարան դիմելը կողմերի միջև առկա վեճի կարգավորման արտադատական կարգ, վեճը կարող է հանձնվել առաջին ատյանի դատարանի քննության այն արտադատական կարգով լուծելուն ուղղված օրենքով կամ պայմանագրով նախատեսված գործողությունները ձեռնարկելու օրվանից որքա՞ն ժամանակ հետո.
▢ մեկ ամիս հետո, եթե այլ կարգ սահմանված չէ օրենքով կամ պայմանագրով,
▢ երեսուն աշխատանքային օր հետո, եթե այլ կարգ կամ ժամկետ սահմանված չէ օրենքով կամ պայմանագրով,
▢ քսան օրացույցային օր հետո, եթե այլ ժամկետ սահմանված չէ օրենքով կամ պայմանագրով,
▢ բոլոր պատասխանները սխալ են։
2. Դատարանն օտարերկրյա իրավունք կիրառելու անհրաժեշտության դեպքում իրավունք ունի.
▢ կողմերից պահանջել հիմնավորում՝ օտարերկրյա իրավունքի նորմերի գոյությունը և բովանդակությունը պարզելու նպատակով,
▢ դատավարության մասնակիցներից պահանջել ապացույցներ՝ օտարերկրյա իրավունքի նորմերի գոյությունը պարզելու նպատակով,
▢ ներգրավել թարգմանիչ՝ օտարերկրյա իրավունքի նորմերի գոյությունը և բովանդակությունը պարզելու նպատակով,
▢ ներգրավել փորձագետ՝ օտարերկրյա իրավունքի նորմերի գոյությունը և բովանդակությունը պարզելու նպատակով։
3. Ո՞ր պնդումն է սխալ.
▢ եզրափակիչ դատական ակտեր են վերաքննիչ դատարանի՝ առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու, վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումները,
▢ եզրափակիչ դատական ակտեր են առաջին ատյանի դատարանի կայացրած գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները,
▢ եզրափակիչ դատական ակտեր են առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը և վճարման կարգադրությունն արձակելու մասին որոշումը, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները,
▢ եզրափակիչ դատական ակտեր են ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու, վճռաբեկ վարույթը կարճելու մասին որոշումները։
4. Դատական ակտը կարող է համարվել պատճառաբանված, եթե.
▢ դրանում արտացոլված են ապացույցների գնահատման կամ իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը,
▢ դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը,
▢ այն կայացվել է Սահմանադրության, սահմանադրական օրենքների, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի, այլ օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս և լուծելիս,
▢ Բոլոր պատասխանները սխալ են։
5. Ո՞ր պնդումն է ճիշտ.
▢ դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ` առևտրային գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ գործը կամ դրա մի մասը կարող է քննել դռնփակ դատական նիստում,
▢ դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ՝ առևտրային գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ գործը կարող է քննել դռնփակ դատական նիստում,
▢ դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ՝ ֆինանսական գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ գործը կամ դրա մի մասը կարող է քննել դռնփակ դատական նիստում,
▢ դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ՝ առևտրային գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև սահմանադրական կարգի ապահովման նպատակով դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ գործը կամ դրա մի մասը կարող է քննել դռնփակ դատական նիստում:
6. Ո՞վ իրավունք չունի ներկա լինելու դռնփակ դատական նիստին.
▢ բոլոր պատասխանները սխալ են,
▢ վկան, մասնագետը,
▢ դատական նիստերի քարտուղարը,
▢ դատական կարգադրիչները,
7. Ո՞վ չի կարող որպես վկա հարցաքննվել ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով գործը քննվելու ընթացքում.
▢ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամը՝ իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո՝ պաշտոնավարման ընթացքում,
▢ ներկայացուցիչը` այն փաստերի առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր մասնագիտական գործունեության ընթացքում,
▢ փաստաբանները` պարզելու համար տեղեկություններ, որոնք նրանց կարող են հայտնի լինել` կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ, եթե այլ բան նախատեսված չէ փաստաբանի և վստահորդի փոխադարձ համաձայնությամբ,
▢ բոլոր պատասխանները ճիշտ են։
8. Թվարկվածներից ո՞վ է հանդիսանում ի պաշտոնե ներկայացուցիչ.
▢ համայնքի ղեկավարը կամ նրա տեղակալը,
▢ սնանկ ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչը,
▢ լուծարման գործընթացքում գտնվող իրավաբանական անձի լուծարային հանձնաժողովի անդամը,
▢ բոլոր պատասխանները ճիշտ են։
9. ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվում է քաղաքացիական գործն ըստ հայցի Զ-ի ընդդեմ Հ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։ Զ-ն հայցի հիմքում դրել է այն փաստը, որ իր և Հ-ի միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որով Հ-ն ստացել է 100.000 ՀՀ դրամի չափով գումար և պարտավորվել այն վերադարձնել։ Գործի քննության ընթացքում Զ-ն միջնորդությամբ որպես գրավոր ապացույց ներկայացնում է իր և Հ-ի միջև առկա մասնավոր գրագրությունը և խնդրում այն թույլատրել որպես գրավոր ապացույց, որով հավաստվում է իր և Հ-ի միջև կնքված փոխառության պայմանագրի առկայությունը։ Հ-ն առարկում է ներկայացված միջնորդության դեմ և խնդրում այն մերժել՝ նշելով, որ մասնավոր գրագրությունը չի կարող հանդիսանալ թույլատրելի գրավոր ապացույց, քանի որ այն իրականացվել է անձամբ իր և Զ-ի միջև, որը չի կարող հրապարակայնացվել կամ ներկայացվել դատարանին, ուստի այն ձեռք է բերվել անձի հիմնական իրավունքների խախտմամբ։ Հետևաբար նշված ապացույցը թույլատրելի գրավոր ապացույց չի կարող համարվել։
Զ-ի կողմից ներկայացված ապացույցի մասով ո՞ր պնդումն է բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերից.
▢ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը), ուստի Զ-ի կողմից ներկայացված ապացույցը հանդիսանում է գրավոր ապացույցի տեսակ, և հանդիսանում է թույլատրելի ապացույց,
▢ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, ուստի Զ-ի կողմից ներկայացված մասնավոր թղթակցությունը չի կարող հանդիսանալ գրավոր ապացույց, ուստի այն չի հանդիսանում թույլատրելի ապացույց
▢ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, ուստի Զ-ի կողմից ներկայացված ապացույցը չի հանդիսանում գրավոր ապացույցի տեսակ, ուստի դրա թույլատրելիության հարցը ենթակա չէ քննության,
▢ Զ-ի կողմից ներկայացված ապացույցը ձեռք է բերվել անձի հիմնական իրավունքների խախտմամբ, ուստի այն թույլատրելի ապացույց չի հանդիսանում։
10. Թվարկվածներից ո՞րը չի հանդիսանում բացառիկ տարածքային ընդդատության կանոն.
▢ անշարժ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է անշարժ գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան,
▢ հողամասերի, շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ հայցը ներկայացվում է հողամասի, շենքի, շինության գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան,
▢ հողամասերը, շենքերը, շինություններն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու վերաբերյալ հայցը ներկայացվում է հողամասի, շենքի, շինության գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան,
▢ շարժական գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան։