Նորություններ
RSS
29.07.2019
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՍույն թվականի հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։
Բարձրագույն դատական խորհուրդը, 2019 թվականի հուլիսի 26-ին քննելով միջնորդությունը, լսելով ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․ Հարությունյանին, այնպես էլ դատավոր Դ․ Գրիգորյանին, որոշել է ներկայացված միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։ Որոշումը հրապարակվել է 2019թ. հուլիսի 27-ին։ Ելնելով վերոգրյալից՝ օրենքի ուժով կասեցվել են նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։
Բարձրագույն դատական խորհուրդ
24.07.2019
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻՆՀուլիսի 23-ին Բարձրագույն դատական խորհրդում նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում ՄԱԿ-ի փորձագիտական խմբի հետ, որին մասնակցում էին Խորհրդի անդամներ Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Մարդու իրավունքների, օրենքի գերակայության ծրագրերի պատասխանատու Մարինա Մալխասյանը, խմբի ղեկավար Ջեյսոն Գլուկը, ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի և մասնագիտացված կենտրոնների ներկայացուցիչները:
Հանդիպման նպատակն էր քննարկել արդարադատության ոլորտի բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարության գործընթացի ներկա վիճակին, դատաիրավական համակարգում առկա մարտահրավերներին, արդարադատությունն արդյունավետ դարձնելու ռազմավարական ուղենիշերին առնչվող հարցերը, և այդ գործընթացում Խորհրդի ունեցած դերակատարությունը:
Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը նկատեց, որ ուրախ է՝ հյուրընկալելու կարևոր առաքելությամբ Հայաստան ժամանած հյուրերին, որոնց հետ ակտիվ համագործակցությունը կարող է իր դրական ազդեցությունն ունենալ դատաիրավական բարեփոխումների այն համալիր ծրագրերի իրագործման հարցում, որոնք կարևոր են ցանկալի դատական իշխանություն ունենալու համար:
Դատական իշխանության առջև ծառացած մարտահրավերները չափազանց էական են զարգացման այս փուլում, և դրանց լուծման համար կարևոր կլինի նաև միջազգային գործընկերների աջակցությունը: Նա նաև կարևորեց օրենսդրական փոփոխությունների մշակման գործընթացում Խորհրդի ներգրավվածության անհրաժեշտությունը, որը գործընթացն առավել արդյունավետ կդարձնի:
Խորհրդի անդամներ Հայկ Հովհաննիսյանի և Վիգեն Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մտքերի փոխանակում՝ կապված դատաիրավական բարեփոխումների, դատական իշխանության արդյունավետ կառավարման, էլ-արդարադատության համակարգերի ներդրման, դատակենտրոնի ստեղծման, արխիվների թվայնացման, օրենսդրական փոփոխությունների, դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի օրենսդրական ընթացակարգերի, դատավորների գնահատման մեխանիզմների ապահովման, կարգապահական վարույթների օրենսդրական ընթացակարգերի, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների հետ:
Խմբի ղեկավար Ջեյսոն Գլուկը հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնեց հյուրընկալության և արդյունավետ քննարկման համար՝ ընդգծելով Խորհրդի կարևոր դերակատարությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում և իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
23.07.2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀարգելի գործընկերներ,
Ս.թ. հուլիսի 19-ին իմ՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելուց ի վեր որոշ լրատվամիջոցների և հանրային գործիչների կողմից իմ անձի և գործունեության վերաբերյալ տարածվում են տարաբնույթ մեկնաբանություններ, քննադատություն և բացասական գնահատականներ:
Մշտապես ընդունել եմ առողջ քննադատությունը, ողջունել եմ թափանցիկությունը և հաշվետվողականությունը, սակայն չեմ կարող ընդունել անհիմն, երբեմն զրպարտության վերածվող մեղադրանքները:
Ինչպես արդեն հայտնել եմ, առաջիկայում պատրաստվում եմ մեկնել արձակուրդ: Ուստի հնչեցված խիստ սուբյեկտիվ գնահատականներին կանդրադառնամ արձակուրդից վերադառնալուց հետո՝ լրագրողների հետ հանդիպմանը: Պատրաստ եմ պատասխանել իմ՝ անցյալ, ներկա և ապագա գործունեության մասին բոլոր հարցերին մամուլի ասուլիսի ընթացքում, որը նախատեսում եմ կազմակերպել ս.թ. սեպտեմբերի 4-ին: Ուստի խնդրում եմ մինչ այդ զերծ մնալ ցանկացած տեսակի շահարկումներից, որոնք կարող են վնասել Բարձրագույն դատական խորհրդի հեղինակությանը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ռուբեն Վարդազարյան
19.07.2019
ԸՆՏՐՎԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԲարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով, այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպեց Խորհրդի նախագահի ընտրությունը:
Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրեց Ռուբեն Վարդազարյանին:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն