background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան

Դատարանի մասին

Աշխատակազմ

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝
1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննում են քաղաքացիական կամ քրեական մասնագիտացման դատավորները:
2. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործերը, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված օրենքով նախատեսված գործերը քննում է միայն քրեական մասնագիտացման դատավորը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի իրավասությանը ենթակա մյուս գործերը քննում է քաղաքացիական մասնագիտացման դատավորը:
3. Բարձրագույն դատական խորհուրդը քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորներից կարող է ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննում են առանձին տեսակի (անչափահասների, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված և անօրինական պահվող երեխաների վերադարձի, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների և այլն) գործեր։
4. Առանձին տեսակի գործերի ցանկը, յուրաքանչյուր դատարանի համար նման գործեր քննող դատավորների քանակը և ընտրության կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

Առաջին ատյանի դատարանում գործը քննվում է միանձնյա, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Գործը միանձնյա քննող դատավորը գործում է որպես դատարան: Գործը կոլեգիալ քննվելու դեպքում դատական կազմը գործում է որպես դատարան: Կոլեգիալ կազմով որոշումներն ընդունվում են դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում համապատասխանաբար ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով և ժամկետներում:

Առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի վերաքննության կարգով վերանայման իրավունքն ապահովվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Հայաստանի Հանրապետությունում գործում է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 12 դատավորի թվակազմով:

Ի լրումն դատավորի լիազորությունների՝ առաջին ատյանի դատարանի նախագահը՝
1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը, ներառյալ` վերահսկում են դատարանի աշխատակազմի գործունեությունը.
2) դատավորներին տրամադրում է արձակուրդ.
3) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
4) դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ, Ընդհանուր ժողով և Ընդհանուր ժողովի հանձնաժողովներ.
5) դատավորի կողմից վարքագծի կանոնի առերևույթ խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին (այսուհետ՝ Կարգապահական հարցերի հանձնաժողով).
6) իրականացնում է այլ լիազորություններ:

Առաջին ատյանի դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական և գործավար:

Օգնականը և գործավարը համարվում են դատավորին կցված դատական ծառայողներ, որոնք նշանակվում և ազատվում են դատավորի ներկայացմամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Առաջին ատյանի դատարանն ունի աշխատակազմ, որը Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն է։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով։

Փաստաթղթերը դատարան ներկայացվում են առձեռն կամ փոստային (սուրհանդակային) կամ էլեկտրոնային եղանակով:

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքը համապատասխանաբար Երևան քաղաքի, մարզի կամ մարզերի տարածքն է: