ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ

19.07.2018

image

Հայաստանի Հանրապետության «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործելու է սնանկության դատարանը: Նույն հոդվածի 22-րդ մասի համաձայն՝ «Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորությունների ստանձնման օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քաղաքացիական մասնագիտացման դատավորները կարող են դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ սնանկության դատարանում դատավորի պաշտոնում նշանակվելու խնդրանքով: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների՝ սնանկության դատարան տեղափոխման դիմումներով Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների տեղափոխման հարցի վերաբերյալ որոշում է կայացնում և նրանց թեկնածությունները կարող է առաջարկել Հանրապետության նախագահին դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում»:

Նախատեսված ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդ է դիմել 22 դատավոր՝ սնանկության դատարան տեղափոխվելու խնդրանքով: Դատական օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սնանկության դատարանը գործում է առնվազն 12 դատավորի թվակազմով: Բարձրագույն դատական խորհուրդը նախատեսում է սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների հետ զրույց կազմակերպել և որոշումն ընդունել 2018թ. օգոստոսի 6-ին: Ստորև ներկայացվում է տեղեկատվություն սնանկության դատարան տեղափոխվել ցանկացող դատավորների վերաբերյալ: Հետադարձ կապի համար կարող եք դիմել Դատական դեպարտամենտ՝ հետեւյալ հասցեով՝ Վ.Սարգսյան 5, հեռ. 010-58-00-84 կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով՝ հետևյալ հասցեով՝ bdx@court.am: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում սնանկության դատարանի այն դատավորների ցուցակը, որի հիման վրա երկշաբաթյա ժամկետում Հանրապետության նախագահին է առաջարկվում սնանկության դատարանի նախագահի թեկնածուն:

Կից՝ ֆայլ:

 

Կիսվել

ֆայլեր