ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՌԵԿՏՈՐԻՆ
11.04.2018
Այսօր՝ ապրիլի 11-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի աշխատանքային հանդիպումը Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հետ:
Աշխատանքային քննարկման ընթացքում Գագիկ Հարությունյանը կարևորել է Արդարադատության ակադեմիայի հետ կառուցողական համագործակցությունը՝ դատավորների թեկնածուների պատրաստման, որակավորման բարձր մակարդակի ապահովման, ինչպես նաև դատավորների վերապատրաստման հետ կապված հարցերում:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն առաջարկել է Սերգեյ Առաքելյանին հնարավորության դեպքում ուսուցման գործընթացում տեսական և գործնական փուլերը դարձնել առավել զուգորդված, նպատակային, մշակել գիտելիքների լիարժեք բացահայտման թեստային ձևաչափ:
Հանդիպման ընթացքում Գագիկ Հարությունյանն առաջարկել է հատուկ ուշադրություն դարձնել քննությունների արդյունքների բողոքարկման մեխանիզմների իրացմանը, գնահատման և բողոքարկման հանձնաժողովների աշխատանքին ցանկացած սուբյեկտիվ միջամտությանը:
Սերգեյ Առաքելյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հետագա ցանկացած համագործակցության համար:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն