ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
11.09.2023
2023 թվականի սեպտեմբերի 8-ին Վճռաբեկ դատարանի նախագահի նախաձեռնությամբ հրավիրվել էր դատավորների ընդհանուր ժողովի նիստ, որի օրակարգում, ի թիվս այլնի, ընդգրկված էր Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցը։ Ժողովում կայացած ընտրության արդյունքում Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ չի ընտրվել։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 77-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ Ընդհանուր ժողովի կողմից սույն հոդվածով նախատեսված հանձնաժողովների` դատավոր չհանդիսացող անդամների պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, հանձնաժողովի անդամ չընտրելու դեպքում նրանց ընտրում է Բարձրագույն դատական խորհուրդը տասնօրյա ժամկետում:
Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշման (այսուհետ՝ Որոշման) 2-րդ հավելվածի 19-23-րդ կետերի համաձայն՝ Ընդհանուր ժողովի կողմից Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի անդամ չընտրվելու դեպքում անդամի ընտրությունն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից՝ տասնօրյա ժամկետում:
Ընդհանուր ժողովի կողմից Սահմանված ժամկետում Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ չընտրելու դեպքում, Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրություն իրականացնելու համար, այդ ժամկետին հաջորդող օրը Դատական դեպարտամենտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն՝ Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ առաջադրելու նպատակով։
Նոր Թեկնածուների առաջադրումն իրականացվում է հայտարարության հրապարակման օրվանից եռօրյա ժամկետում՝ կից ներկայացնելով սույն որոշման Հավելված 1-ով նախատեսված փաստաթղթերը։
Բարձրագույն դատական խորհուրդն Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Ընդհանուր ժողով ներկայացված, ինչպես նաև նոր առաջադրված թեկնածուներից։
Ընդհանուր ժողով ներկայացված թեկնածուն չի կարող Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրվել, եթե նա կամ իրեն առաջադրած Կազմակերպությունը մինչև ընտրությունը հետ է կանչել նրա թեկնածությունը։
Ելնելով վերոգրյալից՝ Դատական դեպարտամենտը, ղեկավարվելով Օրենսգրքի 77-րդ հոդվածով և Որոշմամբ սահմանված կարգով, Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի նոր թեկնածուներ ներգրավելու նպատակով հայտարարում է մրցույթ (այսուհետ նաև՝ Մրցույթ):
Օրենսգրքի 77-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված թեկնածուներին ներգրավելու նպատակով Դատական դեպարտամենտը … հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում մեկական թեկնածու կարող են առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունները։ Թեկնածուների կենսագրությունները և նրանց ներկայացրած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում։ Սույն մասով նախատեսված հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, մրցույթի անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
Որոշման Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ պահանջները բավարարող կազմակերպությունները.
1. Կազմակերպությունը պետք է գրանցված լինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում,
2. Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով Մրցույթին նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում Կազմակերպության կանոնադրական նպատակները պետք է ներառած լինեն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության գործունեության ոլորտները։
Օրենսգրքի 77-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ որպես Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող է առաջադրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով, ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, որևէ կուսակցության անդամ չէ, և նրա նկատմամբ առկա չեն սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները:
Որոշման Հավելված 1-ի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրելիս Կազմակերպությունը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
1) Կազմակերպության կողմից Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության նպատակով մրցութային հանձնաժողովին (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով) հասցեագրված դիմում, որը պետք է ստորագրված լինի Կազմակերպության նախագահի կողմից և իր մեջ ներառի տեղեկություններ Կազմակերպության գտնվելու վայրի, ծանուցման համար էլեկտրոնային փոստի, թեկնածուի մասին։ Դիմումը պետք է ներառի նաև Կազմակերպության տեղեկացված լինելու և համաձայնություն վերաբերյալ նշում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների և Կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու պահանջների մասին.
2) Կազմակերպության պետական գրանցման վկայականի, կանոնադրության և դիմելուն նախորդող հինգ տարիների գործունեության տարեկան հաշվետվությունների պատճենները.
3) Թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն.
4) Թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար.
5) Թեկնածուի կենսագրությունը և ծավալած գործունեության վերաբերյալ տեղեկությունները.
6) Թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ Կազմակերպության կողմից որպես թեկնածու առաջադրվելու և իր վերաբերյալ ներկայացված տեղեկությունները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77–րդ հոդվածով սահմանված կարգավորումների պահանջներին համապատասխան դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու մասին.
7) նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների բացակայության և Թեկնածուի՝ որևէ կուսակցության անդամ չլինելու մասին.
8) բարձրագույն իրավաբանական կրթության՝ պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.
9) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ.
10) իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը կամ պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր.
11) համաձայնություն՝ Թեկնածուի վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, Թեկնածուին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ ստանալու մասին։
4. Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված՝ հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ)։ Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքն ստուգվում է կրթության և գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի սահմանած կարգով։
Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության Մրցույթը կազմակերպելու և անցկացնելու նպատակով Դատական դեպարտամենտի ղեկավարի 08.08.2023թ. թիվ 94 հրամանով ձևավորված Մրցութային հանձնաժողովի կազմում՝ Մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցության անհնարինության հիմքով, Դատական դեպարտամենտի ղեկավարի 11․09․2023թ․ թիվ 105 հրամանով տեղի են ունեցել փոփոխություններ, որոնց համաձայն՝ Մրցութային հանձնաժողովը գործում է հետևյալ կազմով․
1. ՆԱԻՐԻ ԳԱԼՍՏՅԱՆ – Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ (Մրցութային հանձնաժողովի նախագահ),
2. ԱՐՄԻՆԵ ԹՈՒՄԱՍՅԱՆ - Դատական դեպարտամենտի Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար (Մրցութային հանձնաժողովի անդամ),
3. ՄԱՐԻԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ - Դատական դեպարտամենտի Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար (Մրցութային հանձնաժողովի անդամ),
4. ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Դատական դեպարտամենտի Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության Իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ (Մրցութային հանձնաժողովի քարտուղար):
Բարձրագույն դատական խորհրդի կողմից Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության համար նոր թեկնածուներ ներգրավելու նպատակով Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 2023 թվականի սեպտեմբերի 14-ը ներառյալ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9։00-ից 18։00-ը (ընդմիջման ժամ՝ 13:00-14:00) ք. Երևան, Կորյուն 15/1 հասցեով առձեռն կամ փոստային եղանակով:
Լրացուցիչ հարցերի պարզաբանման համար կարող եք զանգահարել (010) 511-793 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ info@court.am էլեկտրոնային փոստի հասցեով:
Դատական դեպարտամենտ