ԵՄ ծրագրի շրջանակում հայ պատվիրակները Պորտուգալիայում փոխանակվել են դատական համակարգի թվայնացման փորձով
03.11.2025
2025 թվականի հոկտեմբերի 28-30-ը Ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը և Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-Փուլ II» ծրագրի շրջանակում Պորտուգալիայի Հանրապետությունում էին։
Այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցել է մի շարք հանդիպումների Պորտուգալիայի դատական քաղաքականության գլխավոր վարչությունում (DGPJ), Պորտուգալիայի Հանրապետության Դատական խորհրդում (CSM) և Տեղեկատվության պաշտպանության ազգային հանձնաժողովում (CNPD):
Ճանաչողական այցի ընթացքում պորտուգալական կողմի հետ քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացմանը, արհեստական բանականության ներդրմանը, դատական գործընթացների պարզեցմանը, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված հարցեր։
Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալը ներկայացրել է էլեկտրոնային արդարադատությանն առնչվող հայկական փորձն ու ընթացիկ բարեփոխումները:
Հայկական պատվիրակությունն առանձնակի կարևորել է դատական ծառայությունների թվայնացման ոլորտում Պորտուգալիայի հաջողված փորձը, դատական ինստիտուտներ-հանրություն արդյունավետ համագործակցության մոդելները։
Կողմերը վստահություն են հայտնել, որ բաց և կառուցողական երկխոսությունը՝ Հայաստանի և Պորտուգալիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, էլ ավելի կամրապնդի արդարադատության ոլորտում միջազգային գործընկերության կապերն ու կնպաստի երկու երկրի շարունակական բարեփոխումներին։
Օրակարգում նախանշվել են նաև ապագա համատեղ նախաձեռնությունների ու համագործակցության հնարավորությունները։
նկարներ