ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՑ
05.06.2018
Հունիսի 4-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի նիստը: Օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմամբ՝ Խորհուրդն ընդունեց «Դատավորների արձակուրդի ժամանակացույցը հաստատելու մասին», «Կնիքի և դրոշմակնիքի նկարագրությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» որոշումները: Քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր:
Մինչ նիստի մեկնարկը Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպեց խորհրդակցություն-քննարկում Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ա. Հովհաննիսյանի, նախարարի խորհրդական Ա. Վարդապետյանի, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տ. Մարկոսյանի մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի մի շարք հոդվածներում առկա ներքին հակասությունների խնդիրը, մասնավորապես՝ գաղտնի քվեարկության կազմակերպման ինստիտուտի վերաբերյալ:
Քննարկման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն Օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:
Միաժամանակ անհրաժեշտ համարվեց քննարկվող հարցին անդրադառնալ նաև Խորհրդի աշխատակարգում՝ ապահովելու համար ընթացակարգային հարցերի վերաբերյալ քվեարկությունների տարանջատումն ըստ էության հարցերի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն