background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

23.03.2020

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում դատարանների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը և առկա օրենսդրական հնարավորությունները՝ Հայաստանի Հանրապետության բոլոր դատա­րաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան` դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին՝ տեսաձայնային հեռահա­ղորդակցության միջոցների կիրառմամբ ապահովելու նպատակով:

Այս պահին ընթանում են ինժեներատեխնիկական համապատասխան աշխատանքներ՝ յուրաքանչյուր դատարանում դատական նիստերի առնվազն մեկ դահլիճում տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումների տեղադրման միջոցով տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման ուղղությամբ:

Տեսահաղորդակցության միջոցով դատական նիստերի մեկնարկը կտրվի առաջիկա օրերին:

image

19.03.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմել է Փաստաբանների պալատի նախագահին 2020 թվականի մարտի 17-ին, ժամը 13:00-ին նշանակված և դատավորի վատառողջ լինելու պատճառով չկայացած Ռոբերտ Քոչարյանի և մյուսների  գործով դատական նիստի օրը դատարանի դահլիճում փաստաբանների կողմից դրսևորած վարքագծի առնչությամբ:

 Կից՝ դիմումի բովանդակությունը.

«Հարգելի պարոն Զոհրաբյան,

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով 2020 թվականի մարտի 17-ին, ժամը 13:00-ին հրավիրվել է դատական նիստ: Դատական նիստը դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով չի կայացել, որի մասին դատարանի աշխատակազմը նախապես դատավարության մասնակիցներին, այդ թվում` ամբաստանյալների պաշտպաններին տեղեկացրել է հեռախոսազանգի միջոցով:

Այդուհանդերձ, թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով ամբաստանյալների պաշտպաններ Հայկ Ալումյանը, Արամ Վարդևանյանը, Միհրան Պողոսյանը և Հովհաննես Խուդոյանը 2020 թվականի մարտի 17-ին, ժամը 13:00-ի սահմաններում ներկայացել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր և մուտք են գործել թիվ 1 դատական նիստերի դահլիճ:

Դատական նիստերի դահլիճում գտնվելու ընթացքում ամբաստանյալների պաշտպանների կողմից դրսևորվել է անհարգալից վերաբերմունք դատարանի և դատավարության մյուս մասնակիցների հանդեպ: Մասնավորապես` պաշտպան Միհրան Պողոսյանը նստել է նախագահող դատավորի համար նախատեսված սեղանի դիմաց և դատական կարգադրիչների պահանջներից հետո միայն դադարեցրել իր գործողությունները, պաշտպան Հովհաննես Խուդոյանը նստել է մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում (այն սեղանի շուրջ, որտեղ տվյալ գործով դատական նիստերին մասնակցում են մեղադրողները), Հայկ Ալումյանը, սեղանին հարվածելով, աղմուկ է բարձրացրել: Գտնվելով դատական նիստերի դահլիճում՝ վերջիններս ծաղրական վերաբերմունք են դրսևորել դատական իշխանության նկատմամբ, կազմակերպել «դատավարություն» և կատարել նմանաբնույթ անհարգալից գործողություններ:

Պաշտպանների վերոնշյալ վարքագիծը տեսաձայնագրվել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կողմից:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ դատարանի կամ դատավորի գործունեությանը որևէ միջամտությունը կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

«Փաստաբանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` փաստաբանը պարտավոր է պահպանել սույն օրենքի, փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանների պալատի կանոնադրության պահանջները:

«Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» 1.1 կետի համաձայն` փաստաբանի գործունեությունը փաստաբանի վրա դնում է բազմազան իրավական և բարոյական պարտականություններ՝ դատարանների և այլ մարմինների առջև, որտեղ փաստաբանը ներկայացնում է վստահորդի շահերը: Այս հարաբերություններում փաստաբանը պետք է հարգանքով վերաբերվի այն մարմիններին, որոնց հետ նա առնչվում է, պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը, իրավակիրառ պրակտիկայի բարելավմանը, ինչպես նաև արդարադատության պատշաճ և իրավաչափ իրականացմանը:

Կանոնագրքի 2.2.2 կետի համաձայն` մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական կամ այլ բնագավառում (ոլորտում) փաստաբանը պետք է խուսափի այնպիսի վարքագծից (գործողությունից կամ անգործությունից), որը կարող է կասկածի տակ դնել կամ խաթարել փաստաբանի կամ փաստաբանության նկատմամբ վստահությունը կամ հարգանքը:

Կանոնագրքի 4.1 կետի համաձայն` փաստաբանը, ով ներկայանում է կամ մասնակցում է գործին դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի առջև, պետք է ենթարկվի այդ դատարանի կամ տրիբունալի գործունեությունը կարգավորող կանոններին, այդ թվում՝ պետք է հարգանքով վերաբերվի դատավորին և/կամ դատավարության մյուս մասնակիցներին: Այդ կանոններին ենթարկվելու պարտականությունը չի սահմանափակում փաստաբանի՝ դատավորի, արբիտրի, կամ վարույթի այլ մասնակիցների գործողությունների դեմ առարկելու կամ այլ դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունը: Փաստաբանը դատարանի հանդեպ հարգանք դրսևորելու հետ միաժամանակ պետք է իր վստահորդի շահերը պաշտպանի անկաշկանդ և անվախ՝ հաշվի չառնելով իր անձնական շահերը:

Այսպիսով, գտնում ենք, որ 2020 թվականի մարտի 17-ին թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով պաշտպանների վերը նկարագրված վարքագծով անհարգալից վերաբերմունք է դրսևորվել դատարանի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ, որը կարող է հասարակության առջև նվազեցնել դատական իշխանության և արդարադատության նկատմամբ հեղինակությունը:

Ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքի 39-րդ և 39.1-րդ հոդվածներով` խնդրում ենք միջոցներ ձեռնարկել թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով ամբաստանյալների պաշտպաններ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ուղղությամբ:

Կից ներկայացվում է տեսաձայնագրությունը լազերային կրիչով:

Հարգանքով՝ Ռուբեն Վարդազարյան»:

image

15.03.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված վիրուսային իրավիճակը՝ դատական իշխանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր  գործունեությունն անխափան իրականացնելու համար՝ ապահովելու Սահմանադրությամբ երաշխավորված մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների անարգել իրացման հնարավորությունը:

Միաժամանակ ընդգծելով կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված յուրաքանչյուր ջանքի գործադրման կարևորությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝

- հորդորում է դատավարության ներկա լինել ցանկացողներին զերծ մնալ դատական նիստերին ներկայանալուց, բացառությամբ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից, որոնց հորդորում ենք ապահովել հնչեղություն ունեցող գործերի ուղիղ հեռարձակումը,

- հորդորում է դատավարության կողմերին բավարարվել դատական նիստերին իրենց ներկայացուցիչների մասնակցությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայությունը պարտադիր է,

- հանձնարարում է դատական կարգադրիչների ծառայությանը բացառել դատարաններում մարդկանց կուտակումները,

- առաջարկում է բոլոր դատարաններին և դատավորներին իրենց գործառույթները հնարավորինս իրականացնել օրենքով սահմանված գրավոր ընթացակարգերով,

- հանձնարարում է դատարանների նախագահներին, դատական դեպարտամենտին և դատական կարգադրիչների ծառայությանը ապահովել աշխատակիցների որոշ մասի աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը,

- հանձնարարում է դատարանների նախագահներին, դատական դեպարտամենտին և դատական կարգադրիչների ծառայությանը դատարաններում աշխատանքը կազմակերպելիս և քաղաքացիների հետ շփումներում խստորեն պահպանել Առողջապահության նախարարության սահմանած հիգիենայի և կորոնավիրուսի կանխարգելման կանոնները,

         - հանձնարարում է Դատական դեպարտամենտին ՀՀ բոլոր դատարանները ապահովել առողջապահական նորմերով նախատեսված հակավարակիչ նյութերով և իրականացնել դրանց կիրառման նկատմամբ վերահսկողություն:

        

Բարձրագույն դատական խորհուրդ

image

13.03.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2020 թվականի մարտի 11-ին «Փաստ» օրաթերթի և մարտի 12-ին «168 Hours» օրաթերթի համացանցային լրատվական կայքերում տարածվել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն: Մասնավորապես այն մասին, որ «Վարչական դատարանի բոլոր դատավորներին «հասկացրել» են, որ այսուհետ պետության դեմ վճիռները պետք է հասցվեն նվազագույնի, եթե ամբողջությամբ բացառելը հնարավոր չէ, իսկ որոնք արդեն իսկ կայացվել են, պետք է բեկանվեն»:
Վերոհիշյալ հրապարակումները բացահայտ սուտ են և Վարչական դատարանի բարձր հեղինակությունը ստվերելու անհաջող փորձ:

Վարչական դատարանն իր գործունեության ողջ ընթացքում վայելել և շարունակում է վայելել անկախ, անաչառ և բարձր մասնագիտական և կամային հատկանիշներ ունեցող դատավորներից կազմված դատական իշխանության մարմնի համբավ: Իրավաբանական հանրությունը բազմիցս ընդգծել է Վարչական դատարանի դատավորների ինչպես պրոֆեսիոնալիզմի, այնպես էլ բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով առաջնորդվելու մասին:
Անժխտելի է նաև Վարչական դատարանի դերը վարչական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման գործում: Վարչական դատարանի օբյեկտիվ և անաչառ դատական ակտերը բազմաթիվ դեպքերում ուղենիշ են հանդիսացել և հանդիսանում վարչական մարմինների համար՝ բարելավելու վարչարարությանն ուղղված իրենց գործունեությունը, ինչի արդյունքում էապես բարելավվել է նաև վարչական մարմինների իրավակիրառ պրակտիկան:
Իսկ սուտ և իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունները որևէ օգուտ չեն բերում իրավական պետության իրավագիտակցության զարգացմանը, դրանք ընդամենը Վարչական դատարանի կարևոր առաքելությանը վնասելու անհարկի փորձեր են:

Վարչական դատարանի պատասխանը նմանատիպ հայտարարություններին մեկն է՝ Վարչական դատարանի դատավորները գործել են, գործում են և գործելու են անկախ, անաչառ, կաշկանդված լինելով բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, և ոչ ոք չի կարող խոչընդոտել նրանց բարձր առաքելության իրականացմանը:

 

ՀՀ վարչական դատարան