Նորություններ
RSS
15.12.2023
Արդյունք #5. Քրեական դատարանը 40 տոկոսով բեռնաթափվում է՝ հաշտության նոր մեխանիզմի շնորհիվԺողովրդին հուզող հայտնի քրեական գործերը կարող են առաջիկա ամիսներին հասնել հանգուցալուծման, եթե քրեական դատարանները հնարավորինս շուտ բեռնաթափվեն: Հազարավոր այլ քրեական գործեր նույնպես տարիներով չեն ձգձգվի և մարդիկ երկարատև անորոշության մեջ չեն սպասի ճակատագրական վճիռների, եթե քրեական դատարաններում մեկ դատավորի մոտ գործերի քանակը այլևս մի քանի անգամ չգերազանցի միջին եվրոպական բեռնվածությանը:
Նման բեռնաթափման համար կամ պետք է քրեական դատավորների թիվը առնվազն կրկնապատկվեր և մոտարկվեր եվրոպական մինիմումին, կամ գտնվեին քրեական դատավարության օպտիմալացման օրենսդրական լուծումներ: Բարձրագույն դատական խորհուրդը և քրեական ոլորտի տասնյակ դատավորներ 2022-ի դեկտեմբերին նախընտրեցին նախաձեռնել խնդրի լուծման օրենսդրական ճանապարհը, որը պետական բյուջեի վրա հսկայական լրացուցիչ բեռ չէր ենթադրում:
Արդեն Ազգային ժողովում առաջին ընթերցում անցած օրենսդրական փոփոխության արդյունքում՝ քրեական գործերով առաջին անգամ ոչ մեծ հանցանք կատարելու դեպքում (օրինակ` խմած մեքենա վարելու) հնարավոր է մեղքն ընդունել, գալ հաշտության և ազատվել անհարկի դատարան ներկայանալու պարտավորությունից:
Այսպիսով, քաղաքացիները հնարավորություն են ստանալու խնայել իրենց ժամանակն ու ռեսուրսները, իսկ քրեական դատարանները կբեռնաթափվեն շուրջ 40 տոկոսով:
Այս և մի շարք այլ կարևորագույն փոփոխություններով օրենսդրական փաթեթի մշակումն ու քննարկումները ընթացան ողջ 2023 ընթացքում, իսկ ամբողջական ընդունումը սպասվում է առաջիկա շաբաթներին: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Կառավարությանը, Ազգային Ժողովին, Արդարադատության նախարարությանը, Քննչական կոմիտեին, Դատախազությանը, Հակակոռուպցիոն կոմիտեին, Եվրոպայի խորհրդին:
14.12.2023
Արդյունք #4. Եվս մեկ լուծում դատական ձգձգումների եւ կոռուպցիոն ռիսկերի դեմ. մի քանի տասնյակ դատավորների տեղը տարիներով թափուր պահելը վերացվեցՈչ միայն ձգձգումների, այլև շատ նուրբ և խորքային կոռուպցիոն ռիսկերի դեմ քայլ էր երկարատև թափուր պահվող հաստիքների և տարիներ շարունակ դատարկ մնացած ռեզերվային ցուցակների համալրումը:
Դատավորների պաշտոնները այդքան երկար թափուր պահելը կարող էր հնարավորություն տալ դատական իշխանության ամեն նոր ղեկավարությանն իր հայեցողությամբ և անձնական շահերից ելնելով համալրել դրանք: Տեսականորեն այդ կարևոր պաշտոնները կարող էին արհեստականորեն թափուր պահվել` ապագայում «շահեկանորեն» համալրելու նպատակով: Առաջիկա մի քանի տարիների համար այդ ռիսկերն այլևս չեզոքացված են:
Դեռևս 2022 թվականին թափուր էր շուրջ 40 դատավորի պաշտոն: Ընդամենը 315 դատավորի հաստիքի և սարսափելի գերբեռնվածության պարագայում դա ահռելի թիվ է: Ավելին` գրեթե բոլոր մասնագիտացումներով դատավորների ռեզերվային ցուցակները լրիվ դատարկ էին: Քանի որ մեկ դատավորի նշանակումը լավագույն դեպքում տևում էր մեկ տարի, իսկ մարդիկ բոլոր դատարաններում արդեն տարիներով սպասում էին իրենց գործերի հանգուցալուծմանը` անհրաժեշտ էին հրատապ և ռադիկալ քայլեր:
Հրատապ կարգով ներդրվեց դատավորների ընտրության նոր հատուկ կարգը։ Այս ընթացակարգի համաձայն՝ դատավորների թեկնածուները 6-8 ամիս տևող վերապատրաստման փոխարեն անցնում էին Բարձրագույն դատական խորհրդում շատ բարդացված քննակարգերով: Նրանք գրավոր և բանավոր փուլերի հաղթահարումից հետո կարողացան շատ կարճ ժամանակում անցնել իրենց պարտականությունների կատարմանը։
Այս և այլ օպերատիվ լուծումների արդյունքում այժմ գրեթե ամբողջությամբ համալրված է դատական իշխանությունը, և բոլոր մասնագիտացումներով արդեն ըտրվել, վերապատրաստվել և իրենց նշանակման հերթին են սպասում մի քանի տասնյակ պրոֆեսիոնալ և ազնիվ մասնագետներ, որոնք ընդգրկված են դատավորների ռեզերվային ցուցակներում:
Մեծագույն աջակցության համար շնորհակալ ենք Կառավարությանը, Ազգային ժողովին, Արդարադատության նախարարությանը, Դատական դեպարտամենտին:
13.12.2023
Արդյունք #3. Դատական վեթինգը 80 տոկոսով կատարված էԱյդքան քննարկված և պահանջված դատական վեթինգի շրջանակներում տեղի են ունեցել դատավորների հսկայածավալ ազատումներ և նշանակումներ: Այսպես՝ ներկայումս պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո:
«Վեթինգ»-ը ոչ այլ ինչ է, քան դատավորների բարեվարքության ստուգում և դատավորների կազմի նորացում: Վերջին տարիներին նոր նշանակված, ինչպես նաև առաջխաղացում ունեցած դատավորները, որոնք կազմում են գործող դատավորների շուրջ 60 տոկոսից ավելին, անցնել են բարեվարքության ստուգում: Բնականոն սերնդափոխության և զտման շրջանակներում 2018-2022 տարբեր հիմքերով դատական համակարգը լքել է 64 դատավոր, ևս 33 դատավոր հրաժեշտ է տվել պաշտոնին միայն 2023 թվականին։
Մեկ այլ կարևոր վիճակագրություն. հեղափոխությունից հետո կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքով դադարեցվել է 30 դատավորի լիազորություն, որից 8-ը դադարեցվել է վերջին մեկ տարվա ընթացքում:
Այս ամենը հնարավոր է դարձել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Արդարադատության նախարարության, Դատական դեպարտամենտի արհեսատավարժ աշխատանքի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի բոլոր նախկին ու գործող անդամների մեծ ջանքերի շնորհիվ:
12.12.2023
Արդյունք #2. Թվայնացվել է քաղաքացիական դատարանը. մարդիկ կխնայեն իրենց ժամանակը, պետությունը` տարեկան առնվազն կես միլիարդ դրամՍտեղծվել է էլեկտրոնային դատավարության նոր համակարգ, որն ապահովելու է քաղաքացիական գործերի փոխանցումը մեկ ատյանից մյուսը, ինչպես նաև կողմ-կողմ, կողմ-դատարան փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս բարեփոխման արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ և դատավարական այլ գործողություններ կատարելը էլեկտրոնային եղանակով։
Այս ամենը չի զրկելու մեր քաղաքացիներին ավանդական դատավարությունների եղանակով ստանալ արդարադատություն, քանի որ դատավարության մասնակիցները հնարավորություն են ունենալու իրենց նախընտրությամբ օգտվել թղթային կամ էլեկտրոնային համակարգերից։
Այս փոփոխության արդյունքում քաղաքացիներն ու նրանց փաստաբանները, ինչպես նաև դատարանները կխնայեն իրենց ժամանակը, կազատվեն ավելորդ քաշքշուկից, կնվազեցնեն իրենց ծախսերը: Հարկ է նշել, որ միայն այս համակարգի գործարկման արդյունքում պետությունը կկարողանա խնայել տարեկան ավելի քան կես միլիարդ ՀՀ դրամ։
Ի դեպ՝ ոչ միայն մշակվել է այս համակարգի ծրագրային ապահովումը, այլև արդեն իսկ դատարաններում լուծվել է տեխնիկական հագեցվածության հարցը, քաղաքացիական մասնագիտացման դատավորներն անցել են անհրաժեշտ վերապատրաստումներ:
Առաջիկա օրերին սպասվող օրենսդրական հրատապ փոփոխությունների ընդունման դեպքում, արդեն 2024 թվականի հունվարից քաղաքացիական դատարանները կաշխատեն նոր համակարգով։
Երկար տարիներ քննարկված, սպասված և վերջապես իրագործված այս մեծագույն հաջողության համար երախտապարտ ենք Կառավարությանը, Ազգային ժողովին, Արդարադատության նախարարությանը, Դատական դեպարտամենտին, ինչպես նաև Եվրամիությանը և Եվրոպայի խորհրդին։
11.12.2023
Ի՞նչ եք արել, որ... Արդյունք #1. Քաղաքացիական դատարանների 90 տոկոսով բեռնաթափում, գործերի քննության էական արագացումԱյսօրվանից բանկերը, վարկային կազմակերպությունները, էներգետիկայի, ջրային և հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները մինչև 2 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով իրենց դիմումները կներկայացնեն նոտարներին, այլ ոչ թե դատարան։
Այս գործընթացի արդյունքում շուրջ 90 տոկոսով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը: Այսինքն՝ քաղաքացիական դատարաններում 2000-4000 գործ ունեցող դատավորները հաջորդ տարվա գարնանից կունենան 200-300 գործեր (այնքան, որքան զարգացած Եվրոպական երկրներում է):
Հետևաբար՝ քաղաքացիական գործերը առաջին ատյանում 2024 թվականի կեսերից կտևեն ոչ թե տարիներ, այլ մի քանի ամիս։ Այս բարեփոխումը տևեց շուրջ մեկ տարի, քանի որ պետք էր օրենսդրական փոփոխություն, համակարգչային նոր ծրագրի մշակում, նոտարիատի և հարկադիր ծառայության ծրագրերի համակցում և նոտարիատի վերապատրաստում:
Նման կարևոր բարեփոխման և մեծագույն աջակցության համար շնորհակալ ենք Կառավարությանը, Ազգային ժողովին, Արդարադատության նախարարությանը, Դատական դեպարտամենտին, Նոտարական պալատին: