Նորություններ
RSS
29.04.2019
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸԱյսօր՝ ապրիլի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ արդյունավետ արդարադատության երաշխավորման գերակա ուղղությունների շուրջ թեմատիկ առաջին քննարկումը։ Մասնակցում էին Խորհրդի անդամներ, դատավորներ, փաստաբանական և քաղաքացիակայան հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:
Խորհրդի նախագահն ընդհանրական ներկայացրեց քննարկման թեմաները, որոնք վերաբերում էին իշխանությունների բաժանման համակարգում դատական իշխանության գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախությունը երաշխավորելու հիմնախնդրին, դատավորների օպտիմալ ծանրաբեռնվածության երաշխավորման ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերին, արդարադատության ծախսատարության կրճատման ծրագրային մոտեցումներին:
Առանձնակի կարևորվեց իրավունքի գերակայության երաշխավորման հարցում օրենսդրական բարեփոխումների հիմնախնդիրը:
Անդրադարձ եղավ նաև դատավորների աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացմանը, բարեվարքության կանոնների պահպանմանը, մասնագիտական պատրաստվածության և հմտությունների շարունակական կատարելագործմանն ուղղված կառուցակարգերին:
Քննարկումն անցավ ակտիվ և կառուցողական մթնոլորտում։ Բարձրացրած հարցերին սպառիչ պատասխաններ տրվեցին նաև Խորհրդի անդամների, դատավորների կողմից։ Ներկա փաստաբաներից էլ կարծիք հնչեց, որ շատ ողջունելի է Խորհրդի մշակած «Տարեկան հաղորդումը», քանզի առաջարկների մեծ մասը համընկնում է խնդրի լուծման իրենց մոտեցումներին։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն էլ իր հերթին նկատեց, որ Խորհուրդը ցանկանում է, որ փաստաբանների հետ ևս ակտիվ համագործակցություն լինի, քանզի արդյունավետ արդարադատության ապահովման խնդիրն իրենք տեսնում են ոչ թե լոկալ, այլ համակարգային լուծման ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությամբ:
Քննարկման ավարտին Խորհրդի նախագահը և անդամները կրկին փաստեցին, որ շահագրգիռ մարմիններից՝ դատավորներից, քաղհասարակության և մեդիա ոլորտի ներկայացուցիչներից ակնկալում են ակտիվ գործակցություն բոլոր նախաձեռնությունների վերաբերյալ։
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
26.04.2019
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԷՐԵԲՈՒՆՈՒ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷԻՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻԱպրիլի 26-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում դատավոր Երեմ Եսոյանի նախաձեռնությամբ անցկացվեց արդեն ավանդույթ դարձած ամենամյա բաց դասը, որին մասնակցում էին Երևան քաղաքի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3, Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119, Լեոյի անվան թիվ 65, թիվ 46 ավագ դպրոցների և Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոցի աշակերտները: Միջոցառման նպատակն էր առավել սերտացնել հասարակություն-դատարան կապը, ինչպես նաև բարձրացնել աշակերտների իրավագիտակացությունը դատական իշխանության մասին։
Աշակերտները հնարավորություն ունեցան մասնակցելու դատավոր Երեմ Եսոյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործերով նշանակված դռնբաց դատական երկու նիստերին, ապա հանդես եկան զեկույցներով՝ «Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» և ժամանակակից օրենսդրությունը» թեմայով։
Աշակերտների և դատավորի միջև ծավալվեց նաև հետաքրքիր զրույց՝ դատական իշխանության, դատավորի կերպարի, իրավական տարբեր եզրույթների մեկնաբանման և այլ հարցերի շուրջ։
Դատավոր Եսոյանը ընդհանուր գծերով ներկայացրեց դատական իշխանության կարևոր դերը իշխանությունների բաժանման համատեքստում, առաջին ատյանի դատարանների գործունեության կազմակերպումը, գործերի քննության ընթացակարգերը, դատական իշխանության խորհրդանիշները և նրանց նշանակությունը։
Անդրադառնալով աշակերտների կողմից հնչած դատական համակարգում նախատեսվող բարեփոխումների հարցին՝ դատավորը նկատեց, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հետամուտ է էլեկտրոնային արդատադատության համակարգի ներդրմանը, որն առավել արդյունավետ կդարձնի արդարադատական գործընթացների իրականացումը։
Աշակերտները հետաքրքրվեցին դատավորից, թե որն է նրա խորհուրդը իրավաբանի մասնագիտությունն ընտրողին։ Հնչեց պատասխան՝ լինել լավ մասնագետ՝ անկախ մասնագիտության ընտրությունից և գերազանց կատարել պարտականությունները։
Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվեցին խորհրդանշական մրցանակներ և դատավորի հեղինակած գրքի օրինակները։
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
25.04.2019
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԵՐԿՈՒ ՆԻՍՏ Է ԿԱՅԱՑԵԼ2019 թվականի ապրիլի 25-ին, ժամը 12։00-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որի ընթացքում Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, դատավորի միջնորդության հիման վրա դռնփակ կարգով քննեց ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ:
Նույն օրը, ժամը 15։00-ին կայացած նիստում Խորհուրդը, դատավորի միջնորդության հիման վրա, դռնփակ կարգով քննեց նաև Հանձնաժողովի կողմից ներկայացված ևս մեկ միջնորդություն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի համաձայն՝ վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցերի քննությունը հայտարարեց ավարտված և հեռացավ որոշում կայացնելու:
Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումները Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի մայիսի 8-ին։
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
22.04.2019
ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸԱյսօր՝ ապրիլի 22-ին, տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ա․ Զոհրաբյանը։
Խորհրդի նախագահ Գ․ Հարությունյանը քննարկման ներկայացրեց Ա․ Զոհրաբյանի՝ Խորհրդին ուղղված գրությունը, որում ներառված էին փաստաբանների որոշ դիտարկումներն ու առաջարկությունները՝ արդարադատական գործընթացների արդյունավետ կազմակերպման առնչությամբ։
Բարձրացված խնդիրների վերաբերյալ կայացավ կառուցողական քննարկում, հնչեցին առաջարկներ, ընդունվեցին համապատասխան որոշումներ։
Դատական դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանումներին տրվեցին հանձնարարականներ՝ քննարկման ընթացքում ներկայացված մի շարք հարցերի ուղղությամբ կատարելու լրացուցիչ ուսումնասիրություններ ու վերլուծություններ և դրանք ներկայացնել Խորհրդին։
Արձանագրվեց նման քննարկումների կազմակերպման կարևորությունը և պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանք դարձնել պարբերական:
Որպես օրակարգային հարց՝ Բարձրագույն դատական խորհուրդն անդրադարձավ նաև Բարձրագույն դատական խորհրդի, դատավորների, Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների միջև պետական բյուջեով նախատեսված պարգևատրումների, դրամական խրախուսանքների և հատուկ վճարների հատկացման խնդրին։
Խորհուրդը գտավ, որ նշված վճարների հաշվարկման հիմքում անհրաժեշտ է դնել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշմամբ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների համար առանձին տողով նախատեսված պարգևատրումների, դրամական խրախուսանքների և հատուկ վճարների ֆոնդերի և յուրաքանչյուր աշխատակցի փաստացի աշխատավարձի հարաբերակցությունը։
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
18.04.2019
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄԱպրիլի 18-ին Բարձրագույն դատական խորհրդում աշխատանքային հանդիպում էր կազմակերպվել բոլոր դատարանների աշխատակազմերի ղեկավարների և նստավայրերի պատասխանատուների հետ:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեց այն հրատապ խնդիրները, որոնց լուծման գործում կարևոր դեր ու դերակատարություն ունեն դատարանների աշխատակազմերը: Հստակեցվեցին նաև նրանց անելիքները դատական իշխանության անկախության ու արդարադատության արդյունավետության ամրապնդման ռազմավարական առաջնահերթությունների իրացման գործում:
Դատարանների աշխատակազմերի առջև խնդիր դրվեց առանձնակի ուշադրություն դարձնել գործավարության պատշաճ իրականացման, դատավորների համար արդարադատության իրականացման անհրաժեշտ նախադրյալների ապահովման, գործերի արխիվավորման, աշխատանքային կարգապահության բարձրացման, թափանցիկ աշխատանքի երաշխավորման, թվային արդարադատության և մշտադիտարկման համակարգերի ներդրմանը նախապատրաստվելու հարցերին:
Բարձրագույն դատական խորհրդի կենտրոնական մարմնի տարբեր ծառայությունների ու առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները քննարկեցին նաև առկա հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ անհետաձգելի անելիքները:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն