Նորություններ
RSS
28.02.2019
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանների հիմնադրման 20-ամյա հոբելյանի առթիվ փետրվարի 26-ին նախատեսված էին մի շարք միջոցառումներ: Նախ առավոտյան, ժամը 10:00-ից 13:00 տվյալ դատարանների բոլոր սահմանափակ և փակ գոտիները հասանելի էին հանրության համար: Այցելուների շարքում էին դպրոցականներ, ուսանողներ, իրավաբաններ, լրագրողներ և դատարանի գործունեությամբ հետաքրքրված բոլոր անձինք: Նրանց հնարավորություն տրվեց ոչ միայն նստել դատավորների աշխատանքային աթոռներին, կրել պատմուճանները, անձամբ հարցեր ուղղել դատավորներին, այլև հետևել դատական նիստերին:
Օրվա միջոցառումների շրջանակում անցկացվեց նաև կլոր սեղան-քննարկում, որի նպատակն էր դատավորների, գիտնականների, ինչպես նաև համապատասխան շահագրգիռ այլ կողմերի հետ համատեղ քննարկումներ իրականացնել օրենսդրության բարելավման և դատական պրակտիկայի փոփոխման հարցում բարձր դատական ատյանների ունեցած դերի վերաբերյալ:
Բացման խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին:
Շնորհավորելով Վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարանների նախագահներին, դատական ծառայողներին և դատավորներին հոբելյանի առթիվ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը նկատեց, որ այս իրադարձությունը նշվում է մի կարևոր ժամանակաշրջանում, երբ Հայաստանում դատական իշխանությունը բարեփոխումների շրջափուլում է, և վերաքննիչ դատարանների դերն այս հարցում առավել կարևոր է: Սահմանադրական բարեփոխումների ընթացքում խնդիր էր դրված հնարավորինս հստակեցնել տարբեր աստիճանի դատարանների դերակատարությունը: Գագիկ Հարությունյանի խոսքով՝ մեզանում վերաքննիչ դատարանները և, ընդհանրապես, բարձրագույն դատական ատյանները, բացառիկ կարևոր դերակատարություն ունեն իրավունքի գերակայության երաշխավորման, իրավական որոշակիության ապահովման, իրավունքների սահմանափակման սահմանադրական չափորոշիչների իրացման և դատական իշխանության որակական զարգացումների ուղղորդող դերակատարությունների հարցում: Նրա համոզմամբ՝ բողոքարկման արդյունքում ընդունված դատական ակտը պետք է պարունակի այնպիսի իրավական դիրքորոշումներ, որոնք կարողանան առաջին ատյանի դատարաններին կողմնորոշել հստակ, հիմնավորված, իրավաչափ, իրավունքի գերակայության սկզբունքից բխող որոշումներ ու վճիռներ կայացնել:
Վիճակագրական թվերի համեմատական տվյալներն ամբողջացնելով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրեց վերաքննիչ դատարանների գործերի դինամիկ աճը՝ այսօր այն համարելով դատական համակարգի ծանրագույն խնդիրներից մեկը, քանի որ դատարանների ծանրաբեռնվածության աճի միտումը գնալով շարունակվում է: 2018 թվականին Վերաքննիչ քրեական դատարանը ստացել է 4216 վերաքննիչ բողոք, ինչը 13,3 տոկոսով ավել է 2017 թվականի համեմատ: Գրեթե նույն պատկերն է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի պարագայում: 2018 թվականին բողոքներն աճել են 8,4 տոկոսով: Խնդիրն այն է, որ այսօր վերաքննիչ դատարանների արդյունավետությունը չի սահմանափակվում միայն այս քանակական ցուցանիշներով և իրենց շրջագծով: Բացառիկ կարևոր է, թե ընդհանուր համակարգը որքան արդյունավետ և կենսունակ է, ինչպիսին է այս կարևոր երկրորդ օղակի դերը:
Գագիկ Հարությունյանը նշեց նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ արդեն իսկ կայացել է քննարկում արդարադատության նախարարության, դատարանների նախագահների հետ՝ արդարադատության արդյունավետության երաշխավորման ռազմավարության հիմանական ուղղությունների վերաբերյալ: Առաջիկայում կկազմակերպվեն հանրային քննարկումներ: Խորհրդի նախագահի համոզմամբ՝ համակարգում այսօր կան սև խոռոչներ, որոնք պետք է հաղթահարվեն: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գնահատմամբ՝ անկախ և անաչառ դատարանները պետք է արդյունավետ արդարադատություն իրականացնեն և ապահովեն դատարանի մատչելիությունը: Արդարադատության արդյունավետության երաշխավորման գերակա ուղղությունների առնչությամբ Խորհուրդը նախաձեռնել է բաց քննարկումներ կազմակերպել արդարադատության նախարարության, միջազգային տարբեր կառույցների, դատավորների, իրավաբանների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների մասնակցությամբ: Առաջադրված խնդիրը՝ մինչև տարեվերջ այս ուղղությամբ բեկում ապահովելն է:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ևս համակարծիք էր այս հարցում: Իր շնորհավորական ուղերձում նա նույնպես կարևորեց այն հիմանական խնդիրները, որ այսօր անհրաժեշտ են արդյունավետ արդարադատական համակարգ ունենալու համար: Նրա խոսքով՝ դատական համակարգի կայացումը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն ու պարտավորությունն է: Նախարարից ու դատավորից, քննչական մարմիններից ու դատախազությունից, փաստաբանությունից ու դատավարության կողմերից մինչև մեր երկրի ամենահեռավոր վայրում բնակվող քաղաքացին այս գործընթացի կրողն ու շահառուն է: Եվ սա այն կարևոր բանաձևն է, որով պետք է առաջնորդվել դատաիրավական բարեփոխումների գործընթացում: Դատական համակարգի մարտահրավերների շառավիղն ընդգրկում է դատարանների ծանրաբեռնվածություն, դատական ակտերի և դատավորների որակ, դատավորների ու դատական ծառայողների սոցիալական երաշխիքներ, վստահելի և տեսանելի արդարադատություն: Իսկ վերաքննիչ դատարանների ձեռքբերումներից մեկը նախարարը համարեց 20-ամյա գործունեության ընթացքում դատական ակտերի որակական փոփոխությունները:
Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն իր ողջույնի խոսքում ևս շնորհավորեց Վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարանների հիմնադրման 20-ամյակի առթիվ՝ կարևորելով վերջիններիս դերը վերաքննության ինստիտուտի կայացման գործում:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանն էլ անդրադարձավ ոչ միայն դատարանի ձեռքբերումներին ու առկա խնդիրներին, այլև կարևորեց հանրության համար Վերաքննիչ դատարաններում հայտարարված «Բաց դռների» օրը, որը ևս մեկ քայլ է դեպի հասարակություն: Ա. Մկրտչյանը դատարանի գործունեության էական ձեռքբերումներից համարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործող Բարձր դատարանների ցանցին միանալը, ապա անդրադարձավ դատավորների կողմից հատուկ կարծիք տալու փաստին՝ այն դիտարկելով որպես դատավորի անկախության ցուցանիշ: Եթե 2008, 2014, 2016 թվականներին եղել է ընդամենը 1-ական հատուկ կարծիք, 2017 թվականին՝ 7, ապա 2018 թվականին՝ 13, իսկ 2019 թվականի առաջին երկու ամսում՝ 3:
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին էլ իր խոսքում նկատեց, որ միջոցառումների շրջանակում ամենատպավորիչը աշակերտների, ուսանողների հետ շփումն էր, իսկ դատարանի ձեռքբերումներից մեկը համարեց այն փաստը, որ գործերի մեծ մասի քննությունն ավարտվել է վերաքննիչ բողոքով, ինչը նաև լրացուցիչ պատասխանատվություն է: Նա կարևորեց փորձագիտական ինստիտուտի ներդրումը ևս:
Կլոր սեղան-քննարկման բանախոսներից էր նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Բարձր դատարանների ցանցի ներկայացուցիչ Գույլեմ Կանո-Պալոմարեսը, ով ներկայացրեց Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների լավագույն փորձը:
Հոբելյանական միջոցառումների շարքն ամփոփվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում՝ պաշտոնական ընդունելությամբ:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
27.02.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասինՀիմք ընդունելով ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 21.02.2019թ. ԲԴԽ-12-Ո-45 որոշումը՝ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ բաժինը՝ քսաներեք (23), քրեական մասնագիտացմամբ բաժինը՝ տասնյոթ (17), վարչական մասնագիտացմամբ բաժինը՝ երկու (2) թեկնածուներով համալրելու անհրաժեշտության մասին՝ հայտարարվում է դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժինների արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված պահանջներին բավարարող անձիք կարող են հայտերը ներկայացնել ՀՀ դատական դեպարտամենտ /հասցեն՝ ք.Երևան, Վ.Սարգսյան 5, 5-րդ հարկ, 53 սենյակ, հեռ. 010 511 778, 010 511 768/՝ մինչև 2019 թվականի մարտի 28-ը ներառյալ:
Հավակնորդները պարտավոր են ներկայացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ և 8-14-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Օրենքով սահմանված դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հեդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները: Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտը այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին: Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:
Հիշեցում`
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 38.1-կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝
Հ/Հ` 900005163671
Բանկ` ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն.
Ստացող` ՀՀ պետական բյուջե.
Նպատակը` «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննության համար»:
26.02.2019
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԹԵՄԱՏԻԿ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԱրդյունավետ արդարադատության երաշխավորման գերակա ուղղությունների շուրջ թեմատիկ քննարկումների շարքի թեմաները․
- Իշխանությունների բաժանման համակարգում դատական իշխանության գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախությունը երաշխավորելու հիմնախնդիրը։
- Դատավորների օպտիմալ ծանրաբեռնվածության երաշխավորման ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը։
- Արդարադատության ծախսատարության կրճատման ծրագրային քայլերը։
- Այլ թեմաներ
25.02.2019
ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ2019 թվականի փետրվարի 25-ին տեղի ունեցած Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստում հանդիպում էր կազմակերպվել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ:
Հանդիպում-քննարկումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը՝ որպես օրակարգային հարց քննարկեց նաև տվյալ դատարանի նախագահի ընտրության հարցը՝ առաջնորդվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի դրույթներով:
Նշենք, որ փետրվարի 28-ին դադարում է դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանի լիազորությունները՝ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով:
Գաղտնի քվեարկության արդյունքներով՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Գրիգոր Վոլոդյայի Հովհաննիսյանը:
Բարձրագույն Դատական Խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն