Նորություններ

RSS
image

22.09.2018

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններով պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 22-ին և 23-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն:

 

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

20.09.2018

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Սեպտեմբերի 20-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Քննարկվեցին օրակարգում ընդգրկված հարցերը, որոնց վերաբերյալ Խորհուրդը կայացրեց համապատասխան որոշումներ:

Ի թիվս այլ հարցերի՝ Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի ընտրության հարցը:

Առաջնորդվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածով՝ Խորհուրդն անցկացրեց գաղտնի քվեարկություն:

Ներկայացված թեկնածուններից ոչ ոք չստացավ անհրաժեշտ ձայներ:

Օրենքով սահմանված կարգով՝ կանցկացվի նոր ընտրություն:   

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

17.09.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐԻՆ

Սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատների դատավորներին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նորանշանակ դատավոր Էդգար Սեդրակյանին:

ԲԴԽ նախագահը շնորհավորեց նորանշանակ դատավորին՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանի անդամ լինելը և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող: Նախագահը, հաջողություն մաղթելով Էդգար Սեդրակյանին, նաև հույս հայտնեց, որ նա իր ներդրումը կունենա կոլեկտիվ մտածողության մթնոլորտ ստեղծելու հարցում:

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը ևս ողջունեց նորանշանակ դատավորին՝ Քաղաքացիական և վարչական պալատի նոր համալրման կապակցությամբ:

Հիմք ընդունելով Ազգային ժողովի՝ 2018 թվականի սեպտեմբերի 13-ի «Էդգար Սեդրակյանին Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-018-Ա որոշումը՝ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախագահ Արմեն Սարգսյանի՝ 2018թ. սեպտեմբերի 15-ի ՆՀ-408-Ա հրամանագրով՝ Էդգար Սեդրակյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր:

Ազգային ժողովի 105 պատգամավորի կողմից գաղտնի քվեարկությանը մասնակցած 89 պատգամավորից Էդգար Սեդրակյանի օգտին քվեարկել էր 67 պատգամավոր: Թեկնածուներ Արգիշտի Ղազարյանը ստացել էր 11 կողմ ձայն, Արծրուն Միրզոյանը`9-ը: Երկու քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր:  

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

13.09.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Սեպտեմբերի 13-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների դատավորներին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Երվանդ Խունդկարյանին:

ԲԴԽ նախագահը, շնորհավորելով Երվանդ Խունդկարյանին, կարևորեց Վճռաբեկ դատարանի դերն ու դերակատարությունը սահմանադրական առաքելությամբ արդարադատություն իրականացնելիս: «Մենք պետք է կարողանանք ստեղծել արդարադատական նոր մշակույթ: Վստահ եմ, որ այս մեկնակետից ենք սկսում մեր առջև դրված խնդիրների լուծումը և դրան կարող ենք հասնել ձեր կողմից ընդունած դատական ակտերի, որոշումների նոր որակի ապահովման միջոցով»:

Գ. Հարությունյանն անդրադարձավ նաև Հայաստանում արդարադատության արդյունավետության ու դատարանների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման հայեցակարգային մոտեցումներին՝ հույս հայտնելով, որ Վճռաբեկ դատարանը և նրա նորընտիր նախագահը հետևողական կլինեն դրանք կյանքի կոչելու հարցերում:

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն իր հերթին շնորհակալաություն հայտնեց Բարձրագույն դատական խորհրդին, Օրենսդիր մարմնին իրեն վերապահված վստահության համար:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Հայկ Հովհաննիսյանը և Սերգեյ Մեղրյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը Ազգային ժողովին էր ներկայացրել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 85-ը, 1 քվեաթերթիկ համարվել է անվավեր, 74-ը կողմ է քվեարկել, 10-ը՝ դեմ:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն