background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Նորություններ

RSS
image

29.12.2022

ԲԴԽ-ն հաստատել է վերաքննիչ քրեական դատարանում նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակը

Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 26-ին դռնփակ նիստում որոշեց վերաքննիչ քրեական դատարանում նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ՝ Աննա Մաթևոսյանին՝ 9 կողմ, 0 դեմ, Արման Հովհաննիսյանին՝ 8 կողմ, 1 դեմ, Տաթևիկ Գրիգորյանին՝ 9 կողմ, 0 դեմ և Գնել Գասպարյանին 7 կողմ, 2 դեմ ձայներով:

 

image

28.12.2022

Հայտարարություն

Տեղեկացվում է, որ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 7-ին (պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2022 թվական):

Օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններն ու բողոքները քննող առանձին դատավորներին, որոնք առաջին անգամ դատավորի պաշտոնում նշանակվել են ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նոր գործեր չեն հանձնվում, իսկ իրենց վարույթում մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ու բողոքների վերաբերյալ առկա գործերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում, չավարտելու դեպքում ենթակա են վերաբաշխման մեկշաբաթյա ժամկետում, որից հետո համապատասխան դատավորները ձեռք են բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում Երևան քաղաքի և մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առաջանալու է քրեական մասնագիտացման դատավորի թափուր հաստիքներ՝ հետևաբար, համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր հաստիքներում նշանակվելու համար իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:

Միաժամանակ տեղեկացվում է, որ դիմումները կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն:

Դիմումների ներկայացման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչություն հեռ՝ (010) 511-786:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

image

27.12.2022

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատում առկա է թվով 1 դատավորի թափուր հաստիք  կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմում, hետևաբար Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ հայտարարություն հրապարակելու:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝

1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

3) այն անձը, որը՝

ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ

բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:

Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից երկշաբաթյա ժամկետում՝ մինչև 2023 թվականի հունվարի 11 ներառյալ:

 

Բարձրագույն դատական խորհուրդ

 

image

27.12.2022

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արտուր Հարությունյանի, Գուրգեն Քոթանջյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Մանասյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Միքայել ԳրիգորյանիԳոհար Կոստանյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ալլա ՔյուրքչյանիԱնի Երիջանյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գոհար ԳրիգորյանիԺենյա ՆազարյանիՍյուզաննա Պողոսյանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Անանյանի, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Դավիթ Վեքիլյանի երդմնակալության արարողությունը:

image

27.12.2022

ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԸ

Տեղեկացնում ենք, որ գործարկվել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքէջը (www.cassationcourt.am)` որպես հասարակության ու դատական իշխանության երկխոսության նոր հարթակ։ Այն կոչված է ապահովելու բարձրագույն դատական ատյանի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկումը, ինչպես նաև նպաստելու հետագա իրավակիրառ պրակտիկայում մարդու իրավունքների շարունակական խախտումները բացառելուն և կանխատեսելի արդարադատության միջավայր ձևավորելուն։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ դատական իշխանության գործունեության վերաբերյալ ձևավորվող հանրային ընկալման ցուցիչն ուղիղ համեմատական է դատական իշխանության հեղինակության աստիճանին, կայքը միտված է ՀՀ դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանը: Այն նպաստելու է միջազգային լավագույն չափանիշներին համահունչ արդարադատության հրապարակայնության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը:

Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքի հասցեատերերն են ինչպես մասնագիտական հանրությունը՝ իրավակիրառ պրակտիկայի և ակադեմիական հետազոտությունների կատարման համար, այնպես էլ ոչ մասնագիտական շրջանակները, որոնք տեղեկատվություն են ստանալու բարձրագույն դատական ատյանի գործունեության վերաբերյալ, ինչը կնպաստի քաղաքացիական հասարակության անդամների իրավագիտակցության բարձրացմանն ու իրավունքի պաշտպանության հստակ ուղիների բացահայտմանը։

 

Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքեջը ստեղծվել է Վճռաբեկ դատարանի և Եվրոպայի խորհրդի համագործակցության շրջանակներում՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից համաֆինանսավորվող՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։