Նորություններ
RSS
17.05.2022
Ցավակցական հեռագիրՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի պապի՝ Ալեքսան Ալեքսանյանի մահվան կապակցությամբ:
Ալեքսանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:
Ալեքսան Ալեքսանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ մայիսի 17-ին՝ Զովունի «Ադանա» սրահում ։
Հուղարկավորությունը տեղի կունենա նույն սրահից մայիսի 18-ին՝ ժամը 12-ից։
12.05.2022
ԲԴԽ-ն մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունըԱյսօր՝ մայիսի 12-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Խորհուրդը մերժեց Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: Այն ստորագրել են Գ. Ջհանգիրյանը, Դ. Խաչատուրյանը, Լ. Մելիքջանյանը, Ս. Միքայելյանը և Վ. Քոչարյանը: Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ հատուկ կարծիք ունեն Գ. Բեքմեզյանը և Ա. Մխիթարյանը:
Դատավորին վերագրվում էր «ՀՀ դատական օրենսգրքի» 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նորմի խախտում, այն է՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը:
05.05.2022
ՀայտարարությունՏեղեկացնում ենք, որ ս․թ․ մայիսի 5-ի ժամը 14։00-ից վերագործարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Սնանկության դատարանում, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, Վերաքննիչ քրեական դատարանում, Վարչական և Վերաքննիչ վարչական դատարաններում գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համակարգը դեռևս կարիք ունի ծրագրային թարմացումների, 2021թ-ից մինչ այժմ ձեռքով կատարված գործերի մակագրումների ամբողջական ներմուծման և Բարձրագույն դատական խորհրդի 2021թ. մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ 16-Ն-6 որոշման պահանջներին լիարժեք համապատասխանեցման, հայտնում ենք, որ առաջիկայում համակարգում կշարունակվեն անհրաժեշտ աշխատանքները, ինչը հնարավոր է հանգեցնի որոշակի անճշտությունների, որոնք սեղմ ժամկետներում կվերականգնվեն։
Բարձրագույն դատական խորհուրդ
05.05.2022
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Վճռաբեկ դատարանի Վարչական և Հակակոռուպցիոն պալատները համալրելու անհրաժեշտության վերաբերյալ» 18․04.2022 թվականի լրացուցիչ հայտարարության հիման վրա հավակնորդների կողմից Վճռաբեկ դատարանի Վարչական և Հակակոռուպցիոն (հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող) պալատները համալրելու նպատակով բավարար թվով դիմումներ Բարձրագույն դատական խորհուրդ չեն ստացվել, կրկին լրացուցիչ հայտարարության անհրաժեշտություն է առաջացել:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝
1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
3) այն անձը, որը՝
ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ
բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:
Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից երկշաբաթյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի մայիսի 20-ը ներառյալ:
Բարձրագույն դատական խորհուրդ
04.05.2022
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆԲԱԺԻՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՀիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի ապրիլի 28-ի թիվ ԲԴԽ-44-Ո-125 որոշումը՝ «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու մասին» և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը անհրաժեշտ քանակի թեկնածուներով չի համալրվել, ուստի անհրաժեշտություն է առաջացել նշված ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը համալրել երկու (2) թեկնածուով։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել՝
1) համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.
2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն.
3) այն անձը, որը՝
ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին ութ տարիների ընթացքում առնվազն վեց տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ
բ) ունի վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 8 տարվա փորձառություն:
Հայտարարության հրապարակումից հետո երկշաբաթյա ժամկետում՝ մինչև սույն թվականի մայիսի 19-ը ներառյալ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29․10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման՝ Արդարադատության ակադեմիան ավարտած՝ բարեվարքության ուսումնասիրություն չանցած թեկնածուները, վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանների համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորները, առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորները հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու համար ներկայացնում են դիմում՝ կցելով միայն Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ 15 օրվա ընթացքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Սույն մասով նախատեսված անձինք սույն հոդվածով սահմանված կարգով հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների հետ մասնակցում են հարցազրույցների:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը։
Նույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում նշված անձը դիմումին կցում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:
Ծանոթություն.
Դիմումները ներկայացնել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ՝ ք.Երևան, Կորյունի 17:
Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել
010/ 511 816, 511 819 հեռախոսահամարներով կամ նամակ ուղարկել info@court.am էլեկտրոնային փոստի հասցեով:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ