Նորություններ

RSS
image

25.05.2022

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հանդիպել է դատավորների հետ

  Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների նախաձեռնությամբ՝ նրանց նստավայրում հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանի հետ:

  Քննարկման ընթացքում դատավորները բարձրաձայնել են իրենց գերծանրաբեռնվածության, այդ տեսակի միջնորդությունները քննող դատավորների խիստ փոքր թվի, միջնորդությունների որակի և դատավորների գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր:

 ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ներկայացրել է  Բարձրագույն դատական խորհրդի օրենսդրական և կազմակերպչական այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են դատավորների բարձրաձայնած խնդիրների լուծմանը:

  Երկուստեք կարևորվել է նման հանդիպումների շարունակական լինելու անհրաժեշտությունը:

image

24.05.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՍՏԱՑԱԾ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ներկայացվում է հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքում հավակնորդների ստացած միավորները.

 

հ/հ

Ազգանուն, անուն, հայրանուն

Նյութական

իրավունք

Դատավարական

 իրավունք

Ընդհանուր

1.

Դրմեյան Լիլի Մամիկոնի

  43

   23

  66

2.

Մադոյան Աղավնի Սերյոժայի

  41

  19

  60

3.

Աղամալյան Արթուր Սպարտակի

  38

  19

  57

4.

Մանասյան Արտյոմ Սարգիսի

  30

  18

  48

5.

Պետրոսյան Սուրեն Ամրահու

  34

  14

  48

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

image

19.05.2022

Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորները հավելավճարներ կստանան

  ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:  

  Այս փոփոխությամբ նախատեսվում է Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորին վճարել հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի, իսկ  Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում` Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատի նախագահին)՝ 50 տոկոսի չափով։

  ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով:

Հիշեցնում ենք, որ Վճռաբեկ դատարանի Վարչական  և Հակակոռուպցիոն (հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող) պալատները համալրելու նպատակով հայտերը Բարձրագույն դատական խորհուրդ կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի մայիսի 20-ը ներառյալ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝

  1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

  2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

  3) այն անձը, որը՝

  ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ

  բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:

  Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)  սույն հայտարարության հրապարակման պահից երկշաբաթյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի մայիսի 20-ը ներառյալ:

image

18.05.2022

Հանդիպում Բարձրագույն դատական խորհրդում

Այսօր՝ մայիսի 18-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանն ու Խորհրդի անդամ Դ. Խաչատուրյանն ընդունել են Նիդերլանդների Թագավորությունից Հայաստան ժամանած՝ «Խորհրդատվական աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման ծրագրի» փորձագիտական թիմի անդամներ՝ Վիլեմ Նուքերքին, Էսթեր դե Ռուժին և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Լուսինե Հակոբյանին:

Հանդիպման ընթացքում նիդերլանդական փորձագետները ծանոթացել են ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կառուցվածքին, գործառույթներին, դատաիրավական ոլորտում տեղի ունեցած բարեփոխումներին:

 Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ համանման քննարկումները կկրեն շարունակական բնույթ:

image

18.05.2022

ՀՀ դատական համակարգի ներկայացուցիչներն այցելել են Վրաստանի Հանրապետություն

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանի և Դավիթ Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-17-ն աշխատանքային այցով գտնվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Պատվիրակության կազմում եղել են ինչպես Առաջին ատյանի, Վերաքննիչ ատյանի դատավորներ, այնպես էլ դատարանների, դատական դեպարտամենտի աշխատակիցներ: 

Եռօրյա աշխատաժողովի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների, Վրաստանի քաղաքային դատարանի նախագահի և պալատների նախագահների, ինչպես նաև դատաիրավական ոլորտի մի շարք ներկայացուցիչների, իրավական ոլորտի փորձագետների հետ: 

Հանդիպումների ընթացքում կողմերը միմյանց հետ կիսվել են երկու երկրների ունեցած լավագույն փորձով, անդրադարձել են ոլորտում առկա բացերը շտկելու ուղղությամբ իրականացվող անհրաժեշտ միջոցառումներին:

Պատվիրակության անդամները ծանոթացել են նաև դատարանների շենքային պայմաններին, գործերի գրանցման, մակագրման, արխիվացման տեխնիկական լուծումներին:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք թեմաների՝ Վրաստանում դատական համակարգի ձեռքբերումներին և ձախողումներին, դատավորների բարեվարքության սկզբունքների պահպանմանը, կարգապահական վարույթների հարուցմանը, մարզային դատարանների հետ կապին, թվայնացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերին առնչվող հարցերի վերաբերյալ:

Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաներ:

Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այցերը շարունակական դարձնելու և ՀՀ Բարձրագույն  դատական խորհրդի և Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի միջև համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ: