background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Նորություններ

RSS
image

28.11.2022

Դատական, օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչները համաձայնել են առաջիկա միացյալ աշխատանքով եւ օրենսդրական հրատապ լուծումներով բեռնաթափել դատարանները, ինչը էականորեն կնվազեցնի արդարադատության ուշացումները

Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ նոյեմբերի 25-27-ը Դիլիջանում տեղի ունեցավ վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատավորների համատեղ աշխատաժողովի առաջին փուլը, որին մասնակցում էր հակակոռուպցիոն և քրեական մասնագիտացմամբ 120 դատավոր, դատական դեպարտամենտի տասնյակ պաշտոնյաներ, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում առաջնահերթ քննարկվել են չափազանց երկար տևող դատավարությունների և բազմաթիվ գործերով ուշացող արդարադատության հիմնախնդրի լուծման եղանակները: Այդ ամենի հիմնական պատճառը հանդիսացող հանգամանքի` դատավորների գերբեռնվածությունը նվազեցնող մեխանիզմների ուղղությամբ գտնվել են օրենսդրական և կազմակերպչական կոնկրետ լուծումներ: Քննարկվել են նաև դատավորների գնահատման համակարգի հիմնովին փոփոխության, դատական վճիռների և ողջ պրակտիկայի կատարելագործման հարցեր: Այս փոփոխությունների ներդրումը կնպաստի արդար դատավճիռների էական աճին, դատավորների առաջխաղացման առավել արդարացի համակարգի ձևավորմանը, առանձին դատավորների կարողությունների զարգացմանն ու որպես այդ ամենի արդյունք` դատական իշխանության հեղինակության բարձրացմանը:

Աշխատաժողովին ներկա արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի պատգամավորներ՝ Արուսյակ Ջուլհակյանը և Լիլիթ Մինասյանն ու ԲԴԽ-ի միջազգային գործընկերները մասնակցել են այն քննարկումներին, որտեղ վեր են հանվել հրատապ լուծում պահանջող մի շարք օրենսդրական խնդիրներ:

Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները համաձայնել են առաջիկա միացյալ աշխատանքով և օրենսդրական հրատապ լուծումներով բեռնաթափել դատարաններն ու դատական գործընթացները, ինչը էականորեն կնվազեցնի դատավորների գերծանրաբեռնվածությունը և արդարադատության ուշացումները:

Հաջորդ շաբաթ, դարձյալ Դիլիջանում, տեղի կունենա աշխատաժողովի երկրորդ փուլը, որին կմասնակցեն քաղաքացիական, վարչական և սնանկության դատարանների շուրջ 150 դատավորներ՝ բոլոր երեք ատյաններից:

Արդյունքների մասին հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

image

24.11.2022

ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց դատավոր Արթուր Ստեփանյանին

2022 թվականի նոյեմբերի 24-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը բավարարեց Արդարադատության նախարարության միջնորդությունը և դատավորին հայտարարեց նկատողություն:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

image

24.11.2022

Դատավորները փաստաբանների համար անցկացրել են վերապատրաստման դասընթաց

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, ի․գ․թ․Գոռ Թորոսյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հայարփի Զարգարյանը և  Հովիկ Շահնազարյանը նոյեմբերի 22-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում անցկացրել են վերապատրաստման դասընթաց՝ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակիրառ պրակտիկան» թեմայով:

Դասընթացի ժամանակ քննարկվել է համահեղինակների կողմից նշված վերնագրով հրապարակված գրքում արծարծված և իրավակիրառ պրակտիկայում դատավորների ու փաստաբանների մոտ ծագող խնդիրների մի մասը, ներկայացվել են դատավորների պատկերացմամբ դրանց հնարավոր լուծումներն ու որոշ դեպքերում օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

Ընդգծվել է դատավորների և փաստաբանների միջև այսպիսի ֆորմատով բաց և անմիջական շփումների և հրապարակային նմանօրինակ միջոցառումների անցկացման կարևորությունը՝ հատկապես թափանցիկ և կանխատեսելի արդարադատության, դատական իշխանության հեղինակության և փաստաբանական համայնքում դատավորների նկատմամբ ունեցած վստահության ավելացման, ամրապնդման տեսանկյունից:

Հաշվի առնելով բարձրացված հարցերի և խնդիրների ծավալն ու կարևորությունը և ելնելով որակյալ արդարադատության համընդհանուր շահի պահանջմունքից՝ ձեռք է բերվել համաձայնություն վերապատրաստման կամ այլ ծրագրերի շրջանակներում շարունակել նմանօրինակ դասընթացներն ու  միջոցառումները:

image

22.11.2022

Հերքում

Փաստաբան Լուսինե Վիրաբյանը հրապարակումներ է կատարել այն մասին, թե վարչական դատարանում քննված գործով «Հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշումը երրորդ անձի կողմից ստանալ-չստանալու վերաբերյալ ապացույցները գործից «անհետացել» են:

Հանրությանը հարկ ենք համարում տեղեկացնել, որ նշված որոշումը կայացվել է դեռևս 2017 թվականին և ուղարկվել է դատավարության մասնակիցներին, այդ թվում նաև՝ երրորդ անձին՝ դեռևս 28.07.2017 թվականին ստացվել է վերջինիս կողմից:

Որոշումը ստանալուց զատ՝ երրորդ անձի ներկայացուցիչները մասնակցել են այդ որոշման կայացումից հետո հրավիրված դատական նիստերին, ստացել են դատական ակտերը և վերջիններիս համար ակնհայտ է եղել, որ հայցվորը փոխարինվել է իրավահաջորդով:

Ընդ որում՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը, որը, ի դեպ, եղել է երրորդ անձի օգտին, դատարանի որոշմամբ փոխարինված հայցվորի իրավահաջորդի կողմից բողոքարկվել է վերադաս դատական ատյաններ, իսկ երրորդ անձի կողմից «Հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշումը ստացված չլինելու մասին որևէ դիրքորոշում, ո՛չ գործի առաջին ատյանի դատարանում քննության, ո՛չ էլ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված բողոքի շրջանակներում վերադաս դատական ատյաններում քննության ընթացքում չեն ներկայացվել:

Փաստաբան Լուսինե Վիրաբյանը, որը գործի առաջին ատյանի դատարանում քննության ժամանակ չի հանդիսացել երրորդ անձի ներկայացուցիչը, հրապարակմամբ նշված հարցի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել միայն ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելուց և գործը նոր քննության ուղարկելուց հետո՝ 2022 թվականին:

Հատուկ ցանկանում ենք ընդգծել, որ փաստաբան Վիրաբյանի կողմից հրապարակման մեջ նշված ապացույց-լուսանկարների մասին փաստաբան Վիրաբյանը նշել է նաև «Հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշումը բողոքարկելու վերաբերյալ իր վճռաբեկ բողոքում՝ կցելով սկավառակներ, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ներկայացված սկավառակները որևէ ապացույց/լուսանկար չեն պարունակում:

Դատական իշխանությունը լիահույս է, որ պատկան մարմինների կողմից կիրականացվի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, որի արդյուքում ենթադրյալ մեղավորները, այդ թվում նաև՝ սուտ մատնություն տվող անձինք կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:
 

ՀՀ վարչական դատարան

image

21.11.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է մրցույթային

հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1 որոշմամբ

 

Պատվիրատուն` Դատական դեպարտամենտը, որը գտնվում է ք. Երևան, Կորյունի 15/1 հասցեում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) պահանջներով՝ 2023-2025թթ. կարիքների համար հայտարարում է մրցույթ թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով: Ծառայությունների տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցը ամրագրված է համապատասխան պայմանագրի հավելվածով:

Սույն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի հետ Որոշմամբ սահմանված կարգով 3 աշխատանքային օրվա ընթացքում կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որի բովանդակությունը կցվում է սույն հայտարարությանը։

Մրցույթի արդյունքներով որպես թարգմանիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» N 1509-Ն որոշմանը համապատասխան որակավորված համարվող անձը: Նշված անձինք ունեն սույն հայտարարության հիման վրա անցկացվող մրցույթին մասնակցելու հավասար իրավունք:

Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվում Որոշմամբ սահմանված կարգին համապատասխան թարգմանչական աշխատանքի համար նախատեսված գումարի սահմաններում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը, իսկ եթե անհնար է գնային առաջարկով որոշել հաղթողին, ապա հաղթող է ճանաչվում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեություն իրականացրած և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկող կազմակերպությունը:

Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերում առաջարկվող գինը պետք է ներառի Կատարողի կողմից Պայմանագրի հիման վրա ծառայությունների մատուցման հետ կապված բոլոր հնարավոր ծախսերը: Միաժամանակ ծառայությունների մատուցման գինը չի կարող գերազանցել Որոշմամբ սահմանված գնի առավելագույն չափը:

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված անձը Պայմանագրի հիման վրա թարգմանչական ծառայություններ պետք է մատուցի ՀՀ բոլոր դատարաններում, այդ թվում՝ դատարանների նստավայրերում, որոնց վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ www.court.am կայքից:

Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերում ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» N 1509-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ փաստաթղթերի, պետք է ներկայացնեն նաև թարգմանչի մասնագիտական աշխատանքային ստաժը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեությունը և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկելու հանգամանքները հիմնավորող փաստաթղթեր:

Սույն մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Դատական դեպարտամենտ՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 7-ը ժամը 10:30-ն։ Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն, փաստաթղթային ձևով՝ փակ ծրարով:

Մրցույթի մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձում և ստորագրում կնքում է այն ներկայացնողը: Ծրարում ներառված փաստաթղթերը, կազմվում են բնօրինակից (բացառությամբ 3-րդ կողմի կողմից տրամադրված կամ հաստատված փաստաթղթերի, որոնց դեպքում ներկայացվում է դրանց` բնօրինակից պատճենահանված տարբերակը) և 2 օրինակ պատճեններից: Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «պատճեն» բառերը: Հայտում ներառվող բնօրինակ փաստաթղթերի փոխարեն կարող են ներկայացվել դրանց նոտարական կարգով վավերացված օրինակները։ Ծրարը և սույն հրավերով նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերն ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը: Եթե հայտը ներկայացնում է լիազորված անձը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ: Ծրարի վրա հայերեն լեզվով նշվում են`

1) պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).

2) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.

3) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

4) «թարգմանչական ծառայությունների մատուցման հայտ» բառերը.

Վերը նշված պահանջներին չհամապատասխանող հայտերը հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:

Հայտերի բացումը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 7-ը ժամը 11:00-ին։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովին:

 

                          

Հեռախոս՝ 010-511-788։

Էլ. Փոստ՝ ddgnumner@mail.ru

Պատվիրատու՝ Դատական դեպարտամենտ