Նորություններ

RSS
image

10.06.2022

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը և Խորհրդի անդամները մասնակցել են «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով համաժողովին

   Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը և Խորհրդի մյուս անդամները մասնակցել են սույն թվականի հունիսի 8-ից 9-ը Երևանում տեղի ունեցած Սահմանադրական դատարանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կազմակերպած «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին:

    Ողջունելով ներկաներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը կարևորել է նման խորհրդաժողովների անցկացումը՝ նշելով, որ սա ևս մեկ հնարավորություն է՝ ոլորտում առկա խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց լուծման ուղիների շուրջ բովանդակային քննարկումներ ծավալելու համար:

     «Քանի որ այսօր խոսքը դատական իշխանության անկախության մասին է, ես ցանկանում եմ առանձնացնել այդ անկախությունը պայմանավորող երեք հիմնական բաղադրիչ։ Առաջինը սահմանադրական, օրենսդրական հիմքերն են՝ արդյո՞ք մեր Սահմանադրությունը և դատական իշխանության վերաբերյալ գործող սահմանադրական օրենքը բավարար են, որպեսզի մենք կարողանանք խոսել օրենսդիր և գործադիր իշխանության ճյուղերից դատական իշխանության անկախության մասին: Երկրորդը ֆինանսական, սոցիալական բաղադրիչն է, քանի որ որքան էլ մենք բարձրաձայնենք, թե դատական իշխանությունն անկախ է, բայց եթե այն ապահովված չէ անկախ գործունեության նվազագույն ֆինանսական, նյութական հնարավորություններով և սոցիալական երաշխիքները նվազ են, ապա այդ իշխանությունը չի կարող երբևիցե անկախ լինել, և այն միշտ նայելու է կա՛մ աջ, կա՛մ ձախ՝ դիմողի, մեղադրյալի գրպանին և այլն»:

     Դատական իշխանության անկախության ապահովման երրորդ կարևոր բաղադրիչը, ըստ Խորհրդի նախագահի պաշտոնակատարի, կազմակերպչական բնույթի խնդիրների լուծումն է. «Համակարգի մեջ չներգրավված անձանց, պաշտոնյաների տեսանկյունից կարող է թվալ, թե սա երրորդական-չորրորդական խնդիր է, բայց դրանք էական, լուրջ, նույնիսկ որոշիչ ազդեցություն ունեցող հանգամանքներ են՝ թե՛ դատավորների գործունեության, թե՛ դատական ակտերի կայացման համար»:

      ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը նաև անդրադարձել է դատավորների գերծանրաբեռնվածության խնդրին, ինչպես նաև դրա լուծման ուղղությամբ ԲԴԽ-ի ձեռնարկած կարգավորումներին:

     Խորհրդի նախագահի պաշտոնակատարը կարևորել է նաև այն հանգամանքը, որ վերջին մեկ տարում դատավորների թեկնածուների ընտրության նպատակով անցկացված 6 մրցույթների թափանցիկության, հրապարակայնության շնորհիվ Խորհրդին է դիմել ավելի քան 335 անձ, ինչը նշանակում է, որ 1 թափուր տեղի համար հայտ ներկայացնողների թիվը 4-5 անգամ ավելին է, քան նախորդ տարիներին:

    Քննարկման ընթացքում ելույթով է հանդես եկել նաև ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը: Նա նշել է, որ բոլոր այն երաշխիքները, որոնք վերագրվում են դատական իշխանությանը՝ անկախություն, անաչառություն, ապաքաղաքականացվածություն և այլն, դատավորին և դատական իշխանությանը վերաբերում են բացառապես այն դեպքում, երբ խոսքը ժողովրդավարական հասարակության մեջ գործող դատարանի և դատավորի մասին է․ «Իրավափիլիսոփայական իմաստով դատաիրավական բարեփոխումների ծրագիրը պետք է ապահովի այնպիսի դատական իշխանության ստեղծում, որն ի զորու է ապահովել, որ բոլոր վեճերը, այդ թվում՝ ընտրական, իրենց վերջնական հանգուցալուծումը ստանան դատարանում, քանի որ եթե վեճը լուծում չի ստանում դատարանում, իսկ արդարությունը մարդուն հատուկ բնազդային պահանջմունք է, այն բավարարվելու է այս կամ այն կերպ»:

  ԲԴԽ անդամը փաստել է, որ հանցանք կատարած անձին արադարացի պատասխանատվության ենթարկելը շատ կարևոր է ժողովրդավարական հասարակության տեսանկյունից. «Իրավունքի փիլիսոփայության մեջ այսպիսի հասկացություն կա, որ միայն արդարացի պատիժն է հասարակությանը հաշտեցնում հանցագործի հետ, և այս պահանջն ապահովելը ևս դատարանի գործառույթն է՝ առնվազն դատարանի առջև կանգնելու իմաստով: Դատարանները պետք է ապահովեն ողջամիտ հեռանկար մեղավորների հայտնաբերման և պատժման համար»:

Խորհրդի գիտնական անդամը նաև հավելել է, որ դատական իշխանությունը անթրոպոգեն, մարդու էությունը ձևավորող գործառույթ ունի. «Եթե մի փոքր գեղարվեստորեն ձևակերպենք, ապա կստացվի՝ ինչպես վեճերը լուծում ենք, այդպիսի քաղաքացի էլ ստանում ենք: Եթե, օրինակ, մենք գործատուի և աշխատակցի միջև ծագած վեճերը լուծելիս, որպես դատարան, անկախ փաստերից՝ միայն գործատուների իրավունքները պաշտպանենք, և աշխատակիցը միշտ պարտվի, ապա վերջում մենք ստանալու ենք միշտ քծնող, իր իրավունքների համար չպայքարող քաղաքացի»:

   Դ. Խաչատուրյանն անդրադարձել է նաև դատաիրավական բարեփոխումների երեք հիմնասյուններից մեկին՝ դատավորների անխոցելիությանը. «Ինչքան էլ դու երաշխիքներ ապահովես, աշխատավարձը բարձրացնես և այլն, եթե այդ երաշխիքների կրողը, երաշխիքների թիրախը չունի ներքին անկախություն, ապա քո կատարածը կորսված ջանք և կորսված ժամանակ է»: Բացի այդ, բանախոսը կարևորել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության իրացման մեխանիզմների արդյունավետությունը՝ պատասխանատու գերատեսչությունների հաշվետվողականության տեսանկյունից, ինչպես նաև այն երկրի այլ ռազմավարությունների, մասնավորապես, հակակոռուպցիոն ռազմավարության հետ սիներգետիկ կապի մեջ մշակելու և իրագործելու կարևորությունը:

   ԲԴԽ անդամն անդրադարձել է նաև մի շարք այլ թեմաների և պատասխանել ներկաների հարցերին:

   Երկօրյա միջոցառմանը ներկա են գտնվել ԵԽ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) պատվիրակությունը՝ նախագահի գլխավորությամբ, ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության տնօրինության ներկայացուցիչներ, ՀՀ Սահմանադրական, Վճռաբեկ դատարանի նախագահն ու դատավորները, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների և ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչներ:

 

 

 

image

09.06.2022

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

ՆԻՍՏԻ ՕՐԸ

ՆԻՍՏԻ ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

13.062022թ

15։00

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼԻԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

16.062022թ

15։00

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ (ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՎԱԾ) ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ  ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴՌՆԲԱՑ

 

image

09.06.2022

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական, քաղաքացիական և, վարչական մասնագիտացման բաժինների համալրման անհրաժեշտության մասին» թիվ ԲԴԽ-58-Ո-153 որոշումը՝ անհրաժեշտություն է առաջացել համալրել Վերաքննիչ դատարաններում քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններն՝ առանց տեղերի քանակի սահմանափակման:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել`

1) համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն.

3) այն անձը, որը՝

ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին ութ տարիների ընթացքում առնվազն վեց տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ

բ) ունի վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 8 տարվա փորձառություն:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարեցվել կարգապահական խախտում թույլ տալու կամ նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով:

Օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի և 3-րդ կետի պահանջներին բավարարող անձինք դիմումին կցում են նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

Հայտարարության հրապարակումից հետո՝ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը ներառյալ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին բավարարող անձինք համապատասխանա մասնագիտացման բաժինների առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

 

Ծանոթություն.

Դիմումները ներկայացնել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ՝ ք.Երևան, Կորյուն 17:

Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել

010/ 511 816, 511 819 հեռախոսահամարներով կամ ուղարկել նամակ info@court.am էլեկտրոնային փոստի հասցեով:

 

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

image

08.06.2022

Հանդիպում ԵԽ ներկայացուցիչների հետ

    Այսօր՝ հունիսի 8-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը, Խորհրդի անդամ Դ. Խաչատուրյանը հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների ներդրման վարչության տնօրեն Ֆրեդերիկ Դոլտի և Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանի հետ: 

  Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվում, և որ ապագայում նույնպես նոր ծրագրեր կիրագործվեն:

  Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել դատաիրավական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի  դերին, արդարադատության ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող այլ հարցերի:

  Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաներ:

 

image

06.06.2022

ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նկատողություն հայտարարեց

Այսօր՝ հունիսի 6-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը բավարարվեց. դատավոր Արշակ Պետրոսյանին հայտարարվեց նկատողություն:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման պահից և վերջնական է:

Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 339-րդ հոդվածի 1-ին և 2-րդ, 340-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի խախտումներ, այն է Դատարանը գործի քննությունն իրականացրել է 8 ամսվա ընթացքում՝ այդ տեսակի գործերի համար նախատեսված սեղմ՝ մեկամսյա ժամկետի կոպիտ խախտմամբ, եզրափակիչ դատական ակտի հրապարակումն իրականացրել է նախատեսված ժամկետից 9 ամիս անց, ինչն էլ հանգեցրել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման: