Նորություններ

RSS
image

01.07.2022

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Բարձրագույն դատական խորհրդում ստացվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, որով վերջինս, հաշվի առնելով դատարանում առկա ծանրաբեռնվածությունը, խնդրել է քննարկել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան քաղաքացիական մասնագիտացման դատավոր գործուղելու հարցը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ որևէ դատարանի բնականոն գործունեությունը չի կարող ապահովվել դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նույն ատյանի համապատասխան մասնագիտացման մեկ այլ դատավոր իր համաձայնությամբ կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: (...):

Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 154-րդ կետի համաձայն՝ մինչև հարցի քննարկումը Խորհրդին ներկայացնելը Դեպարտամենտի կենտրոնական մարմինը աշխատակազմերի, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով տեղեկացնում է դատավորներին գործուղման հնարավորության մասին։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քաղաքացիական մասնագիտացման դատավորներին տեղեկացվում է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղվելու հնարավորության մասին:

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղվելու ցանկություն ունեցող քաղաքացիական մասնագիտացման դատավորները կարող են մինչև 2022 թվականի հուլիսի 8-ը, ժամը` 18:00-ն, գործուղվելու առնչությամբ իրենց գրավոր համաձայնությունը ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ (էլ. փոստ՝ info@court.am):

 

 

Դատական դեպարտամենտի

Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության

ԲԴԽ նիստերի նախապատրաստման և որոշումների նախագծերի

մշակման բաժին

 

հեռ.՝ 010-511-825

image

01.07.2022

Հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:

image

30.06.2022

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է

     Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Դավիթ Խաչատուրյանի, Մեսրոպ Մակյանի, Անի Մխիթարյանի և Սերգեյ Չիչոյանի անդամակցությամբ ձևավորված հանձնախումբն այսօր՝ հունիսի 30-ին, որոշել է մերժել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը:

   Հանձնաժողովը գտել է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։

   Հանձնաժողովը արձանագրել է նաև, որ բաց է թողնված կարգապահական վարույթի հարուցման Օրենքով նախատեսված մեկ տարվա ժամկետը, քանի որ Ռ. Վարդազարյանը 2021թ. փետրվարի 20-ին կատարված ձայնագրությունը հրապարակել է միայն 2022թ. հունիսի 20-ին՝ ենթադրյալ խախտումը կատարելուց մեկ տարի 4 ամիս անց։

Որոշումն ամբողջությամբ՝ ստորև:

image

30.06.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի 2022 թվականի հունիսի 27-ի թիվ 27-Ա հրամանի համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):


  Օրակարգում ներառված է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը:
 

image

29.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ Հատոր XII

   Լույս է տեսել ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ 2020 թվականի որոշումների ընտրանին։ Ներկայացվող ժողովածուն, որը ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումների 12-րդ հատորն է, իրենից ներկայացնում է՝ 2020 թվականի ընթացքում ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից կայացված որոշումների ընտրանի և ներառում է նախադեպային նշանակություն ունեցող 65 որոշում և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին 1 որոշում, որոնցում մշակվել են իրավակիրառ պրակտիկայում ծագող հիմնահարցերի լուծման, նյութական և դատավարական իրավունքի նորմերի մեկնաբանության առանցքային չափորոշիչներ։

   Օրենքի միատեսակ կիրառության ապահովման և մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու սահմանադրական գործառույթների իրացման շրջանակներում, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը մի շարք արժեքավոր նախադեպային որոշումներ է կայացրել՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս վերադաս դատական ատյանի լիազորությունների շրջանակի, դատական որոշումների կատարման փուլում լուծվող հարցերի ընդդատության, ժամանակավոր կալանավորման և հանձնման համար կալանավորման բողոքարկման ժամկետների, ձերբակալման իրավաչափության վիճարկման պահանջների, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը բեկանելու ու գործը վերաբացելու համատեքստում անձի արդար դատաքննության իրավունքի պաշտպանության, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման հիմք հանդիսացող՝ նոր երևան եկած հանգամանքների, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու պարագայում խուզարկություն քննչական գործողություն կատարելու իրավաչափության, խարդախության և կաշառք ստանալու հանցակազմերի հարաբերակցության, չավարտված հանցագործությունների դեպքում պատժի հաշվարկման առանձնահատկությունների և մի շարք այլ կարևոր իրավական հարցերի առնչությամբ, որոնք վերջին տարիներին ծառացել էին իրավակիրառողների առաջ։

   Ընտրանու տպագրությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: