Նորություններ

RSS
image

16.06.2022

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռուբեն Վարդազարյանի գործով որոշում կայացնելու

  Այսօր՝ հունիսի 16-ին, ԲԴԽ-ում մեկնարկեց  Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Հանձնախմբի ներկայացրած միջնորդության՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմելու համար առիթ են հանդիսացել Ռուբեն Վարդազարյանի կողմից Սահմանադրական դատարանի 2022 թվականի մայիսի 6-ի թիվ ՍԴՈ-1150 որոշման վերաբերյալ 2022 թվականի մայիսի 10-ին «ArmDaily» էլեկտրոնային պարբերականին տրված հարցազրույցում տեղ գտած արտահայտությունները, որոնք, ըստ Հանձնախմբի, խախտում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարքագծի կանոնները։

Գործի քննությունն ավարտելուց հետո՝ Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի հունիսի 23-ին՝ ժամը 13:55-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

image

16.06.2022

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի եւ Շվեդիայի Ազգային դատարանների վարչության միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր

     Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում Խորհրդի դատավոր անդամ Անի Մխիթարյանը և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար, Ստոկհոլմի Վերաքննիչ դատարանի դատավոր Յոնաս Հոգստրոմը ստորագրել են համագործակցության հուշագիր:

    Հուշագրի նպատակն է նպաստել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, դատավորների շրջանում էթիկայի, հակակոռուպցիոն և բարեվարքությանն առնչվող հարցերի շուրջ գիտելիքների ամրապնդմանը, լրատվամիջոցների հետ ակտիվորեն հաղորդակցվելու կարողությունների զարգացմանը և ՀՀ-ում արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:

     ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Խորհուրդը կարևորում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը. «Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ անում է, որ դատավորների թեկնածուների մրցույթները, կարգապահական վարույթների քննությունները լինեն բաց և թափանցիկ, որպեսզի հանրության յուրաքանչյուր ներկայացուցիչ իրեն մասնակից զգա այդ պրոցեսներին։ Այստեղ շատ կարևոր է, սակայն, որ ոչ միայն Խորհրդի գործունեությունը լինի թափանցիկ, այլ նաև դատավորների կողմից կայացված ակտերը լինեն հանրության համար մատչելի, ընկալելի: Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի մեր քաղաքացիները կասկածներ կամ անվստահություն չունենան թե՛ դատավորների, թե՛ նրանց կայացրած ակտերի արդարության, պատճառաբանվածության վերաբերյալ: Այդ տեսանկյունից շատ կարևոր եմ համարում այս ծրագրի իրագործումը»:

  Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի շրջանակում Շվեդիայի Ազգային դատարանների վարչության ներկայացուցիչները կսկսեն վերապատրաստումների ծրագիր, որն ընդգրկելու է թե՛ գործող դատավորներին, թե՛ դատավորների թեկնածուներին, և թե՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

image

15.06.2022

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր՝ հունիսի 15-ին,  տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանի երդման արարողությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:

 

image

13.06.2022

ԲԴԽ-ում կայացավ դատավոր Լիզա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը

    Այսօր՝ հունիսի 13-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

   Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել նյութական իրավունքի նորմի՝ «Քաղաքացիական օրենսգրքի» 1081-րդ հոդվածի 1-ին մասի և դատավարական իրավունքի նորմերի՝ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի, 53-րդ հոդվածի 1-ին մասի, 130.1-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտում, այն է՝ Դատարանը, 21.10.2020 թվականին կայացրած վճռով բավարարելով կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցը, պատասխանողի վրա դրել է նաև կերակրողի ամուսնուն՝ հայցվորին պատճառված վնասը հատուցելու պարտականություն հայցվորի՝ վնասի հատուցում ստանալու իրավունքի ծագման վավերապայմաններից մեկը հավաստող ապացույց (ամուսնության պետական գրանցման վկայական) ներկայացված չլինելու և հետևաբար՝ Դատարանի կողմից նման ապացույց չհետազոտելու պայմաններում: Գործով մյուս հայցվորի` հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցման պահանջի մասով նույնպես Դատարանը հաստատված է համարել պահանջի հիմնավորվածությունը, ծախսերի անհրաժեշտությունը և չափի ողջամտությունը՝ դրանք հաստատող ապացույց(ներ) ներկայացված չլինելու և հետևաբար՝ դրանք չհետազոտելու պայմաններում:

Այսօրվա նիստի ընթացքում կողմերը ներկայացրին իրենց դիրքորոշումները, պատասխանեցին ինչպես Խորհրդի անդամների, այնպես էլ միմյանց կողմից հնչեցրած հարցադրումներին:

Դատավորն արտահայտելով իր դիրքորոշումը՝ պնդեց, թե ներկայացված միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:

Կողմերին լսելուց և գործի քննության ավարտ հայտարարելուց հետո՝ Խորհուրդը հեռացավ որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի հունիսի 23-ին, ժամը՝ 15.00-ին:

Նիստի մանրամասները՝ տեսանյութում:

image

13.06.2022

ՀԱՅԱՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

    Հիմք ընդունելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021թ. ընդունված և 29.10.2021թ. ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերը` տեղեկացվում է, որ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընգրկվելու նպատակով դիմած անձանց նախնական հարցազրույցը փորձագետների հետ տեղի է ունենալու 2022 թվականի հունիսի 24-ին ժամը 13։00-ից սկսած։ Նախնական հարցազրույցը տեղի է ունենալու Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17):

   Ստորև ներկայացվում է փորձագետների հետ նախնական հարցազրույցի մասնակիցների ցանկը և ժամանակացույցը․

 

N

ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ

ԺԱՄԸ

1.

Լուսինե Հովհաննիսյան

13։00

2.

Նելլի Աշրաֆյան

13։00

3.

Մեսրոպ Մակյան

14։30

4.

Անդրանիկ Մնացականյան

14։30