Նորություններ
RSS
23.03.2022
Դատական դեպարտամենտի Դատական կարգադրիչների ծառայությունը հայտարարում է ընդունելությունԴատական դեպարտամենտի Դատական կարգադրիչների ծառայությունը հայտարարում է ընդունելություն Երևան քաղաքի դատարաններում (թեկնածուների ընտրությունը իրականացվում է Երևան քաղաքում բնակվող քաղաքացիներից) դատական կարգադրիչի թափուր պաշտոնների համալրման համար:
«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածով սահմանվում են Դատական կարգադրիչների ծառայությունում ընդգրկվելու համար ներկայացվող հիմնական պահանջները, մասնավորապես
1. Դատական կարգադրիչների ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը`
ա) համապատասխանում է սույն օրենքով սահմանված տարիքային սահմանափակումների պահանջներին, և դիմելու պահին նրա 30 տարեկանը չի լրացել: Դիմելու պահին 30 տարեկանը լրացած չլինելու պահանջը չի տարածվում զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայության ծառայողների (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողների) վրա.
բ) անցել է պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ իգական սեռի քաղաքացիների կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.
գ) տիրապետում է հայերենին.
դ) իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով և առողջական վիճակով կարող է կատարել դատական կարգադրիչի պարտականությունները:
2. Դատական կարգադրիչների ծառայության կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն հոդվածի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով կամ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:
Ավելի մանրամասն ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151482&fbclid=IwAR3fwhHGmUkAMIkY3KlqtOnjfNxRpIqZPAau0qFmtWrFepkJp8VA4rHo8FQ հղմամբ:
Ձեր կենսագրական տվյալները կարող եք ուղարկել հետևյալ էլ-փոստերին՝ datkarg.kadrer-pet@mail.ru , datkarg.kadrer-3@mail.ru հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-511-738, 010-511-719
23.03.2022
ՀայտարարությունՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտին տեղեկացրել է դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման թույլատրելիության և քննվող քրեական գործով դրա համար խոչընդոտների բացակայության մասին:
Ներկայումս «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և դատական դեպարտամենտի մասնագետների կողմից կատարվում են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ համակարգի ամբողջական շահագործումն ապահովելու համար:
Մենք շահագրգիռ ենք մակագրման համակարգչային ծրագրի արագ վերագործարկման հարցում:
Դատական դեպարտամենտ
22.03.2022
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 44.1-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14.04.2021 թվականին ընդունված և 29.10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 10-րդ մասը և այդ նորմերի հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի կողմից 29.11.2021 թվականին կայացված թիվ ԲԴԽ-101-Ո-292 Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների ներգրավման և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման Հավելված 1-ինի 3-րդ բաժնի 16-րդ կետը՝ անհրաժեշտություն է առաջացել ազգային փորձագետի թեկնածությունն առաջադրելու նպատակով լրացուցիչ հայտարարություն տարածելու:
Օրենքի 19-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ որպես փորձագետ կարող է ընտրվել հակակոռուպցիոն ոլորտում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ: Փորձագետներից մեկը պետք է լինի ազգային փորձագետ, իսկ երկուսը՝ առաջադրվեն վերջին երկու տարում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցող միջազգային կամ միջկառավարական կազմակերպությունների կամ միավորումների կողմից: (…):
Ազգային փորձագետի թեկնածուի համար առաջադրվում են հետևյալ պահանջները.
ա) թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթություն.
բ) Հայտարարություն հրապարակելուն նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում փորձագետի թեկնածուի գործունեության բնույթը պետք է ներառի հակակոռուպցիոն գործունեության ոլորտը։
29.11.2021 թվականին կայացված թիվ ԲԴԽ-101-Ո-292 որոշմամբ հաստատված Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների ներգրավման և գործունեության կարգի 3-րդ կետի համաձայն՝ (…) հակակոռուպցիոն ոլորտի մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող անձ է համարվում կոռուպցիոն հանցագործությունների քննության փորձ ունեցող քննիչի, դատախազի, դատավորի պաշտոնը զբաղեցնող կամ զբաղեցրած անձը, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների բնագավառում փաստաբանական ծառայություններ մատուցած փաստաբանը, հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնող ազգային և միջազգային կազմակերպություններում աշխատած (ծառայություններ մատուցած) փորձագետը, մասնագետը:
Վերը նշված պահանջներին բավարարող անձինք կարող են իրենց փաստաթղթերն առձեռն ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից 5-օրյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի մարտի 28-ը ներառյալ:
Փորձագետի թեկնածուն պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. Դատական դեպարտամենտի ղեկավարին հասցեագրված դիմում, որը պետք է ստորագրված լինի թեկնածուի կողմից՝ ինքնառաջադրման դեպքում, իսկ կազմակերպության կողմից առաջադրման դեպքում՝ կազմակերպության անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի կողմից։
Դիմումում պետք է ներառվեն ինքնառաջադրվող անձի դեպքում՝ անունը, ազգանունը և հայրանունը, անձնագրային տվյալները, ծանուցման և էլեկտրոնային հասցեները, իսկ կազմակերպության կողմից առաջադրման դեպքում՝ կազմակերպության անվանումը, կազմակերպության գտնվելու վայրի, ծանուցման և էլեկտրոնային փոստի հասցեները, առաջադրվող թեկնածուի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև նշում թեկնածուի համաձայնության մասին,
2. Կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
3. Թեկնածուի կենսագրությունը և ծավալած աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունները (աշխատանքային պայմանագիր, տեղեկանք աշխատավայրից, երաշխավորագիր-նամակ),
4. Թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար,
5. Թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ կազմակերպության կողմից որպես փորձագետի թեկնածու առաջադրվելու մասին,
6. Բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ,
7. Գրավոր համաձայնություն՝ իր վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալու մասին, մասնավորապես՝ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից,
8. Նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն՝ Կարգի 7-րդ կետով նախատեսված հանգամանքների բացակայության մասին։
Փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում Դատական դեպարտամենտի ղեկավարի որոշմամբ դրանք վերադարձվում են՝ երկօրյա ժամկետում դրանք շտկելու և կրկին ներկայացնելու նպատակով։ Որոշումը ուղարկվում է նախապես տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և համարվում է ստացված։ Դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերի թերությունները սահմանված ժամկետում չշտկելու և կրկին ներկայացվելու, ինչպես նաև փաստաթղթերի անհամապատասխանության դեպքերում Դատական դեպարտամենտի ղեկավարը որոշում է կայացնում ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանության հիմքով դիմումի ընդունումը մերժելու մասին։Նման որոշում չկայացվելու դեպքում փորձագետի թեկնածությունը համարվում է ընդունված։
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ
22.03.2022
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորության վերաբերյալՏեղեկացնում ենք, որ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քաղաքացիական մասնագիտացման դատավորի 1 թափուր հաստիք:
Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:
Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել ս/թ մարտի 25-ը ներառյալ:
Բարձրագույն դատական խորհուրդ
21.03.2022
ՀայտարարությունԻ լրումն Դատական դեպարտամենտի 2022թ. մարտի 18-ի հայտարարության՝ հայտնում ենք, որ էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման և շահագործման բանալիները Դատական դեպարտամենտ 21.03.2022 թվականի ժամը 18:00-ի դրությամբ դեռևս չեն վերադարձվել:
Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ՝ Դատական դեպարտամենտն ամենօրյա ռեժիմով աշխատանքներ է իրականացնում համակարգի վերագործարկման նպատակով:
Գործընթացի վերաբերյալ թե՛ Դատական դեպարտամենտը, թե՛ Բարձրագույն դատական խորհուրդն ավելի մանրամասն տեղեկություն այս պահի դրությամբ տրամադրել չեն կարող:
Հավաստիացնում ենք, որ մեր լիազորությունների շրջանակում ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը՝ դատական գործերի մակագրումներն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հնարավորությունն օր առաջ վերսկսելու համար:
ՀՀ Դատական դեպարտամենտ