Նորություններ
RSS
04.10.2021
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցինԲԴԽ-ն այսօր միաձայն որոշեց բավարարել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից անհամատեղելիության պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդությունը. դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն էր ներկայացրել, ըստ որի, Գագիկ Խանդանյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
01.10.2021
Կայացել է «Իրավական ակտերի մշակման հմտություններ» թեմայով վերապատրաստման հերթական դասընթացըՍեպտեմբերի 30-ին, Արդարադատության ակադեմիայում Բարձրագույն դատական խորհրդի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Եվրոպայի միության համատեղ՝ Արդարադատության համակարգի ամրապնդում ծրագրի շրջանակներում կայացավ «Իրավական ակտերի մշակման հմտություններ» թեմայով հերթական վերապատրաստման դասընթացը: Դասընթացին մասնակցել են ՀՀ բոլոր դատարաններից ներկայացուցիչներ՝ աշխատակազմերի ղեկավարներ, փորձագիտական ծառայության ներկայացուցիչներ, Դատական դեպարտամենտի աշխատակիցներ:
Միջոցառման պատասխանատուները՝ ԲԴԽ ներկայացուցիչ Մարգարիտա Ամյանը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ծրագրի վերապատրաստման մասով պատասխանատու Օթիլիա Պակուրարին, ողջունել են մասնակիցներին, կարևորել են թեմայի առաջնային լինելը՝ նշելով, որ իրավական ակտերի մշակման հմտությանը պարտավոր է տիրապետել ցանկացած բնագավառի իրավաբան:
01.10.2021
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Գագիկ Խանդանյանի գործով որոշում կայացնելուՍեպտեմբերի 30-ին ԲԴԽ-ում ավարտվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից անհամատեղելիության պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդության քննությունը:
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
Այն կհրապարակվի հոկտեմբերի 4-ին, ժամը՝ 15:10-ին:
01.10.2021
Դատավոր Սերգեյ Մարաբյանը միջնորդեց գործի վարույթը կարճել. նիստը հետաձգվեցՍեպտեմբերի 30-ին ԲԴԽ-ում կայացավ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Դատավորը միջնորդեց գործի վարույթը կարճել, հարցի շուրջ մյուս կողմի դիրքորոշումը լսելու համար Խորհուրդը նիստը հետաձգեց:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Արդարադատության նախարարությունը:
Նիստի օրվա և ժամի մասին կտրվի հավելյալ տեղեկություն:
30.09.2021
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելել է Լոռու և Արմավիրի մարզերի դատարաններԲարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շարունակում է մարզային հանդիպումները:
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելել է Լոռու մարզի Վանաձորի և Ստեփանավանի նստավայրեր, ինչպես նաև Արմավիրի մարզի դատարաններ: Մարզային շրջայցի նպատակը նորանշանակ դատավորների աշխատանքային պայմաններին, ծանրաբեռնվածությանը և այլ խնդիրներին ծանոթանալն էր:
Հայտնի է, որ Ստեփանավանում նշանակվել են սնանկության գործեր քննող երկու դատավորներ, իսկ մյուս նստավայրերում՝ քաղաքացիական գործեր քննող դատավորներ:
Ձմռան նախապատրաստական շրջանում Գագիկ Ջհանգիրյանը ծանոթացել է դատարանների շենքերի առաջ ծառացած առաջնային լուծում պահանջող խնդիրներին, գույքային համալրվածությանը:
Խորհրդի նախագահի պաշտոնակատարը դատավորներին և դատարանների աշխատակազմերին տեղեկացրել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում դատավորների ծանրաբեռնվածության թեթևացման, քաղաքացիական ծառայությունից դատական ծառայության անցման, արխիվացման աշխատանքներն արագացնելու, արխիվացման նոր համակարգի ներդրման ուղղությամբ:
Մարզային հանդիպումները շարունակական են լինելու: