Նորություններ
RSS
16.07.2021
ԲԴԽ անդամների հանդիպումը ՀՀ-ում ԵԽ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտի հետԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ մի շարք անդամներ այսօր՝ հուլիսի 16-ին, ընդունել են Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին:
Հանդիպմանը մասնակցել է նաև «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստանում դատական իշխանության ամրապնդման և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեն:
Ողջունելով հյուրերին և շնորհավորելով Մարտինա Շմիդտին նշանակման կապակցությամբ՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ընդգծել է, որ բարձր է գնահատում համագործակցությունը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ:
Նա նաև կարևորել է այսօրինակ հանդիպումները՝ դրանք որակելով կառուցողական և արդյունավետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ անդրադարձել ներկայում իրականացվող լայնածավալ դատաիրավական բարեփոխումների կյանքի կոչմանը, դատաիրավական ոլորտում առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման հեռանկարներին:
16.07.2021
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը ս.թ ապրիլի 15-ին թիվ ԲԴԽ-23-Ո-34 որոշմամբ կասեցրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ մինչև նրա նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը(«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մաս»):
Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ Գլխավոր դատախազի կողմից քրեական հետապնդման հարուցում հանդիսացող՝ որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման վերաբերյալ դատարանը կայացրել է դատական ակտ, որտեղ նշված է. «Բողոքաբեր Ռուբեն Վարդազարյանի բողոքը բավարարել, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ռ. Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումները», և որ «որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան՝ հրապարակման պահից 10-օրյա ժամկետում»:
Նշված դատական ակտի հիման վրա, Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ-ին դիմում է ներկայացրել՝ ակնկալելով իր լիազորությունների կասեցման մասին որոշման վերանայում:
Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/0308/11/21 որոշման հասցեատերը Բարձրագույն դատական խորհուրդը չէ, հետևաբար ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ Ռ. Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին՝ մինչև Ռ. Վարդազարյանի լիազորությունների կասեցման հիմք հանդիսացած քրեական վարույթի ավարտը:
08.07.2021
Գագիկ Ջհանգիրյանի ուղերձը՝ Վճռաբեկ դատարանի հիմնադրման 23-ամյակի առթիվ«Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ ՀՀ Վճռաբեկ դատարանի կազմավորման 23-ամյակի առթիվ:
1998 թվականի հուլիսի 10-ից սկսելով իր գործունեությունը՝ Վճռաբեկ դատարանը կարևորագույն առաքելություն է ստանձնել՝ Սահմանադրության համապատասխան իրականացնել բարձրագույն դատական ատյանի իր գործառույթները:
Վճռաբեկ դատարանի կողմից իրավունքի զարգացման և դատական պրակտիկայի միասնականության ապահովման երաշխավորումն անկյունաքարային նշանակություն ունի պրակտիկայի կայունացման և կանխատեսելիության համար:
Վճռաբեկ դատարանի գործունեության մեջ առանձնակի կարևորություն է ձեռք բերում մի կողմից՝ սահմանադրի և օրենսդրի կամքի իրագործումը՝ ՀՀ-ի անունից կայացվող բոլոր դատական ակտերում, մյուս կողմից՝ մարդու իրավունքների և ազատությունների առավել արդյունավետ ապահովման ուղղությամբ Սահմանադրության և միջազգային իրավական ակտերում ամրագրված դրույթների մեկնաբանումը:
Պետք է ասել, որ Վճռաբեկ դատարանը կարողացել է ճկուն իրագործել այս երկու խնդիրները, միաժամանակ, ցուցաբերած դատական ակտիվիզմի արդյունքում ստեղծել է իրավունքի զարգացման արդի մակարդակին համահունչ դատավարական բնույթի նորմեր, որոնք իրենց ամրագրումն են ստացել Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավապահ և դատական մարմինների առօրյայում կիրառվող կայուն հաստատված նախադեպային իրավունքով:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Վճռաբեկ դատարանի մեր գործըներներին՝ ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ նորընտիր նախագահի ղեկավարությամբ դատարանն է՛լ ավելի հետևողական ու անշեղ կիրականացնի իր սահմանադրական առաքելությունը, ինչով կնպաստի արդարության և արդարադատության հանդեպ մեր ժողովրդի խաթարված հավատի վերականգնմանը»:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյան
25.06.2021
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում լուր է հրապարակվել, իբրև թե Վճռաբեկ դատարանի նախագահն իր մոտ է կանչել համակարգի ներկայացուցիչներին և զգուշացրել, որ սոցիալական ցանցերում ակտիվություն չդրսևորեն, սպառնացել և այլն:
Պաշտոնապես հայտնում ենք, որ նման որևէ հավաք, հանդիպում, քննարկում, զգուշացում կամ ցուցում դատական համակարգում չի եղել: Լուրն իրականությանը չի համապատասխանում:
Թե՛ դատավորների, թե՛ դատական դեպարտամենտի աշխատակիցների ապաքաղաքականացվածությունը սահմանող նորմերը հստակ նախատեսված են ՀՀ դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 4-րդ և ՀՀ հանրային ծառայության մասին օրենքի 3-րդ հոդվածներում:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն