Նորություններ
RSS
27.05.2021
Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային հանդիպում է ունեցել դատավորների հետՄայիսի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է Առաջին ատյանի վարչական դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահին:
Տեղի ունեցած քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել «Էքս օֆիսիո» սկզբունքի կիրառելիության արգելքի հնարավորությանը վարչական վերաքննիչ վարույթում, գրավոր վարույթի հնարավորությանը վերաքննիչ վարչական դատավարության ընթացակարգում, ինչպես նաև համակարգում առկա առաջնահերթ լուծումներ պահանջող մի շարք խնդիրների, մասնավորապես՝ դատարանների բեռնաթափմանն ու աշխատակազմերի համալրմանը վերաբերող հարցերի:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
20.05.2021
Մեկնարկել են Բարձրագույն դատական խորհրդի մարզային այցելություններըՄայիսի 19-ին Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է կատարել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` Արտաշատ, Մասիս, Վեդի, Եղեգնաձոր և Վայք քաղաքներում տեղակայված նստավայրեր: Խորհրդի անդամները մարզային դատարանի դատավորների հետ քննարկել են առկա խնդիրները, խոսել դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումների, դատավորների սոցիալական երաշխիքների ապահովման, աշխատավարձերի բարձրացման, ծանրաբեռնվածության նվազեցմանը միտված գործընթացների մասին, լսել դատավորների տեսակետներն ու առաջարկությունները:
Բարձրագույն դատական խորհրդի անդամները դատարանի նստավայրերում ծանոթացել են նաև շենքային պայմաններին, ստուգել աշխատակազմի, գրասենյակի, դատական կարգադրիչների ծառայության աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
13.05.2021
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԻՄՈՒՄԸՎճռաբեկ դատարանի քրեական պալատը 2021 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի` 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի կատարման շրջանակներում, կարևորելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ համագործակցության ամրապնդման նպատակով երկխոսությունը, խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ դիմում էր ներկայացրել։
Հղում կատարելով մի կողմից՝ խոշտանգման արգելքի՝ որպես միջազգային իրավունքի jus cogens նորմի վերաբերյալ միջազգային փաստաթղթերին, Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին, մյուս կողմից՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին և այդ համատեքստում՝ վաղեմության ժամկետների չկիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի, Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի արտահայտած դիրքորոշումներին, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը բարձրացրել էր Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին՝ խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման համապատասխանության հարցը։
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատի կոլեգիան 2021 թվականի մայիսի 11-ի որոշմամբ քննության է ընդունել խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիմումը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մամլո հաղորդագրությունը տե՛ս հետևյալ հղմամբ՝ http://hudoc.echr.coe.int/eng-press?i=003-7020362-9470289
13.05.2021
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՄայիսի 12-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանի նախաձեռնությամբ Էրեբունի նստավայր են այցելել ԵՊՀ իրավաբանական և ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները:
Ապագա իրավագետներին ու լրագրողներին նախ հնարավորություն է ընձեռվել ներկա գտնվել դատավորի վարույթում քննվող երկու նիստերի, առարկայական պատկերացում կազմել դատական իշխանության և մասնագիտական նրբությունների գործնական կիրառության վերաբերյալ, որից հետո դատավորը նրանց համար զրույց–դաս է վարել՝ ներկայացնելով դատարանում քաղաքացիական գործերի քննության կարգը, հայցադիմումների, դիմումների՝ դատարան մուտքագրման գործընթացի իրավակիրառ պրակտիկան, դատավարության փուլերում քաղաքացիական տարբեր հիմնահարցեր, դատավարության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, դատարանում ելույթների ներկայացման էթիկայի կանոնները:
Դատավորն իր խոսքում անդրադարձել է նաև գործերի մակագրման էլեկտրոնային եղանակին, ներկայացրել այն կարգավորող իրավական ակտերը, Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումները:
Ուսանողները հետաքրքրվել են օրենսդրական կոնկրետ նորմերի պրակտիկ կիրառման ընթացակարգերով և դատական իշխանության բարեփոխումներով:
Դատավորը ԵՊՀ ուսանողներին տվել է գործնական խորհուրդներ, դատական իշխանության առկա խնդիրների լուծման հարցում՝ կարևորել էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման ուղղությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ձեռնարկված գործուն քայլերը և առանձին գործերի այընտրանքային եղանակով քննության անհրաժեշտությունը, ընդգծելով, որ դրանք էապես թեթևացնելու են դատարանների ծանրաբեռնվածությունը:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
11.05.2021
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆՄայիսի 10-ին, Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այցելություններ է իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ, Արաբկիր, Էրեբունի և Աջափնյակ նստավայրեր, հանդիպումներ ունեցել քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ:
Խորհրդի անդամները դատավորների հետ քննարկել են համակարգում առկա խնդիրները, մասնավորապես՝ արդարադատությունը մատչելի ու արդյունավետ դարձնելու, ինչպես նաև ծանրաբեռնվածության նվազեցմանն առնչվող հարցեր:
Բարձրագույն դատական խորհուրդը լսել է դատավորների մտահոգություններն ու տեսակետները համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկել աշխատավարձերի բարձրացման, սոցիալական երաշխիքների ապահովման, աշխատակազմերում հաստիքների ավելացման հնարավորությունները:
Դատավորների հետ կայացած հանդիպումներից հետո Խորհրդի անդամները շրջել են նստավայրերում, ծանոթացել դատավորների, գրասենյակների աշխատանքային պայմաններին:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն