Նորություններ
RSS
11.05.2021
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հավատարիմ մնալով դատական իշխանության նկատմամբ որդեգրած՝ ապատեղեկատվությունը լուրի տեղ մատուցելու անհեռանկար գործելաոճին, էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը, օրեր առաջ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի նիստին, հրապարակել իրականության հետ աղերս չունեցող, ուղղորդված լրատվություն՝ պիտակավորելով ժողովի ընթացքը, դատավորներին, իրավունք վերապահել մասնակիցների իբրև մեծամասնության անունից գնահատականներ հնչեցնել:
Կարևորելով հանրության առջև հաշվետվողականությունը, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգի և ընթացքի վերաբերյալ հասարակությանը օբյեկտիվ ու ճշմարտացի տեղեկատվություն տրամադրելու, ապատեղեկատվությունից զերծ պահելու նպատակով, հարկ ենք համարում իրազեկել, որ սույն թվականի մայիսի 7-ին հրավիրված ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցել է 163 դատավոր (քվորումն ապահովելու համար պահանջվում էր 115 դատավորի ներկայություն):
Ժողովի մասնակցի կողմից առաջարկվել է օրակարգում ընդգրկել լրացուցիչ հարց, որը քվեարկությամբ մերժվել է:
Ընդհանուր ժողովի օրակարգը եղել է հագեցած, քննարկվել են դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանը միտված մի շարք կարևոր հարցեր, ընդունվել առանցքային որոշումներ:
Նիստն անցել է կառուցողական, աշխատանքային բազմակարծության մթնոլորտում:
Ընդհանուր Ժողովի ընթացքում ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի կողմից հրապարակվել է խորհրդի ուղերձը՝ հասցեագրված հանրապետության դատավորներին՝ կարևորելով կառուցողական և փոխգործակցված աշխատանքը։
Դատական դեպարտամենտ
29.04.2021
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆԱյսօր՝ ապրիլի 29-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավարին և համակարգողին:
Այնուհետև Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգողի հետ:
Եվրոպացի գործընկերների հետ Բարձրագույն դատական խորհուրդը քննարկել է համագործակցության շրջանակներում 2021թ. նախատեսվող գործողությունների ծրագրերն ու առաջնահերթ քայլերը:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
29.04.2021
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ խորհրդի մյուս անդամների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգում առկա խնդիրներին, հանրային վստահության պակասին դատարանների նկատմամբ, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավոր համատեղ օրենսդրական նախաձեռնություններին եւ դատավորներին սոցիալական երաշխիքների տրամադրմանը:
27.04.2021
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆԱյսօր՝ ապրիլի 27-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների դատավորների հետ:
Հանդիպման օրակարգն ընդգրկել է դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և մարտահրավերներին, արդարադատությունն արդյունավետ դարձնելու ռազմավարական կառուցակարգերին և ուղենիշերին առնչվող հարցեր:
Քննարկման ընթացքում ընդգծվել է Վճռաբեկ դատարանի բացառիկ առաքելության իրականացման, այն է՝ օրենքների միատեսակ կիրառման ապահովումը, մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումների վերացումը:
Բարձրագույն դատական խորհուրդը լսել է նաև Վճռաբեկ դատարանի դատավորների մտահոգություններն ու տեսակետները համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկել թափուր հաստիքների համալրման, աշխատավարձերի բարձրացման, սոցիալական երաշխիքների ապահովման, շենքային պայմանների բարելավման հնարավորությունները:
Հանդիպման ավարտին Խորհուրդը շրջել է Վճռաբեկ դատարանի շենքում, զրուցել աշխատակազմի և գրասենյակի աշխատակիցների հետ, ծանոթացել դատարանի վարչական շենքում տեղակայված Կարգադրիչների ծառայության աշխատանքային պայմաններին:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
27.04.2021
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆԲարձրագույն դատական խորհրդում ստացվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, որով վերջինս խնդրել է քննարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան քրեական մասնագիտացման դատավոր գործուղելու հարցը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ որևէ դատարանի բնականոն գործունեությունը չի կարող ապահովվել դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նույն ատյանի համապատասխան մասնագիտացման մեկ այլ դատավոր իր համաձայնությամբ կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մինչև դատավորի վարույթում գտնվող գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:
Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 154-րդ կետի համաձայն՝ մինչև հարցի քննարկումը Խորհրդին ներկայացնելը Դեպարտամենտի կենտրոնական մարմինը աշխատակազմերի, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով տեղեկացնում է դատավորներին գործուղման հնարավորության մասին։
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների (բացառությամբ՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի) քրեական մասնագիտացման դատավորներին տեղեկացվում է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը՝ Ստեփանավան քաղաք) գործուղվելու հնարավորության մասին:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղվելու ցանկություն ունեցող դատավորները կարող են մինչև 2021 թվականի մայիսի 4-ը, ժամը` 18:00-ն, գործուղվելու առնչությամբ իրենց գրավոր համաձայնությունը ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ (էլ. փոստ՝ info@court.am):